Երեւան: Այսօր առավոտյան ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղում էր, որտեղ անմիջական զրույցի բռնվեց ընտրողների հետ, ներկայացրեց մարզի ու նրա յուրաքանչյուր համայնքի զարգացման, հողագործական եւ անասնապահական մթերքների արտադրության ավելացման իր մոտեցումները, որոնք հիմնականում արժանացան զրուցակիցների քաջալերանքին ու հավելյալ առաջարկներին: «Գառնեցին անգիր գիտի հողի «լեզուն», պետք չէ նրան սովորեցնել, թե ինչպես կով ու ոչխար խնամել կամ այգի մշակել: Տուր գառնեցուն ֆինանսական հնարավորություն եւ իրական աջակցություն, մնացածը կստեղծի ինքը՝ ապավինելով իր փորձին ու աշխատասիրությանը»,- համոզմունք հայտնեց Հովհաննիսյանը:
Այնուհետեւ, օրվա ժամանակացույցը չխախտելու համար, նախագահի թեկնածուն վերադարձավ Երեւան, որտեղ հանդիպում էր նշանակված Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք առնչվում էին վերահաս ընտրություններին, մասնավորապես՝ ընտրակեղծիքների բացառման, յուրաքանչյուր քվեի վերահսկման հրամայականին:
Հետմիջօրեին Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրան ուղեկցող կամավորականների ու լրագրողների խմբերը մեկնեցին Արմավիրի մարզի Մայիսյան, ապաեւ՝ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքներ: Գյուղացին չլուծված բազում խնդիրներ ունի, եւ նախագահի թեկնածու հետ զրույցն ակամա տարվում էր այդ հունով: «Գյուղացին տառապում է «տոկոսների» տակ, որովհետեւ երբեմն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ստիպած է «դառը դատել, դատարկ նստել»: Ուրեմն՝ նրան պետք է հնարավորություն տրվի, որպեսզի կարողանա դիմակայել բնական աղետին: Օրինակ՝ ցածր տոկոսադրույքներով վարկեր են մտնում Հայաստան, ո՞ւր են այդ վարկերը»,- Մայիսյան գյուղում նկատեց թեկնածուն:
Մայիսյան-Արագածավան ճանապարհահատվածում նրան աղուհացով դիմավորեցին ինքնաբուխ հավաքված Արտենիի ընտրողներ՝ թվով շուրջ 200 մարդ:
Երեւան վերադառնալուց առաջ Հովհաննիսյանը Արմավիր քաղաքում մասնակցեց Տյառնընդառաջի արարողությանը: