«Հայելի» ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը՝ այն որակելով որպես պետականազրկման ընթացք։ Նա մտահոգություն է հայտնել Արցախի կորստի, հայկական տարածքների հետագա զիջումների և ինքնիշխանության կորստի վերաբերյալ։
Ըստ բանախոսի՝ երկիրը վերածվել է աշխարհաքաղաքական խաղադրույքի, որտեղ որոշումները կայացվում են օտար ուժերի կողմից, իսկ տեղական իշխանությունը լեգիտիմացնում է թշնամական օրակարգերը։ Հովհաննիսյանը շեշտել է քաղբանտարկյալների առկայությունը թե՛ Երևանում, թե՛ Բաքվում և կոչ է արել ձևավորել համազգային դիմադրություն, նա նաև անդրադարձել է Սփյուռքի դերին և եկեղեցու դեմ իրականացվող արշավներին՝ հորդորելով կանխել պետականության վերջնական կործանումը։Վերջում նա ընդգծել է, որ առանց սեփական բանակի և ռազմավարական հստակ տեսլականի Հայաստանը չի կարող հանդես գալ որպես միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ։

