Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց Սարգսյանի ինքնաբացարկը

10 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքն ավարտվեց ՀՀ նախագահի հաղթանակած թեկնածուի հատուկ հայտարարությամբ, որի մասին խոստացվել էր դեռ օրեր առաջ: Հովհաննիսյանը հայտարարեց Սերժ Սարգսյանի ինքնաբացարկի պահանջի եւ այդ պայքարում հացադուլի դիմելու իր որոշման մասին: “Սա հացադուլ չէ` կեղծիքադուլ է, վախադուլ է, ստադուլ է”,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Ներկաներին տեղյակ պահվեց, որ Երեւանի Ազատության հրապարակին զուգահեռ հանրահավաքներ են ընթանում Արտաշատում եւ Կապանում, որոնց մասնակցում են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները:

Իսկ վաղը` մարտի 11-ին ՀՀ սահմանադրական դատարանում կսկսվի բանավոր ընթացակարգով դատավարությունը` ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից` 2013թ. փետրվարի 18-ի ընտրության ԿԸՀ ամփոփած արդյունքների բողոքարկման գործով: Դատական նիստը կսկսվի 10:00-ին:

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի