Շնորհավորանքներ եւ խոստումներ կանանց տոնին

8 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Ազատության հրապարակում կայացավ ՀՀ նախագահի հաղթանակած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը, որը նվիրված էր ոչ միայն համաժողովրդական պայքարին, այլեւ կանանց տոնին: Տոնի առթիվ ձայն տրվեց հարթակում ներկա կանանց՝ Անահիտ Բախշյանին, ՀՅԴ ներկայացուցիչ Մարիա Թիթիզյանին, Արմենուհի Հովհաննիսյանին: Հանրահավաքի վարողը նույնպես կին էր՝ լրագրող Անի Քոչարը:

Համաժողովրդական պայքարի եւ երկրում առկա իրավիճակի մասին խոսեցին նաեւ Երվանդ Մանարյանը, Տիգրան Նահապետյանը, Ստեփան Հասան-Ջալալյանը: Վերջինը խոսեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով շնորհավորեց կանանց մարտի 8-ի առթիվ եւ խոստացավ մարտի 10-ին հրավիրվող հանրահավաքում անկախ հանգամանքից ՝ «մեկ մարդ կլինի, հազար, թե միլիոն՝ անել հատուկ հայտարարություն»:

Հանրահավաքն ավարտվեց երաժշտական հայտագրով՝ Արթուր Իսպիրյանի, Անահիտ Սահակյանի մասնակցությամբ:

Վաղը՝ մարտի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնելու է Գեղարքունիքի մարզ հետեւյալ ժամանակացույցով.

Վարդենիս 11:30-12:30
Մարտունի 13:00-14:00
Գավառ 14:30-15:30
Սևան 16:00-17:00

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի