Բարեւի հեղափոխությունը Տավուշի մարզում

6 մարտի 2013թ., Երեւան: Այսօր ՀՀ նախագահի հաղթանակած թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը այցելեց Տավուշի մարզ: Իջեւան քաղաքում Հովհաննիսյանի հետ հանդիպման եկած քաղաքացիները լսեցին նախ գոտեպնդման եւ շնորհակալության խոսքեր՝ ժողովրդի տոնած հաղթանակի համար, որ արտահայտվել էր փետրվարի 18-ին Հովհաննիսյանին տրված շուրջ 60 տոկոս կողմ ձայներով:

Ի պատասխան ոստիկանների հայտարարությունների, թե հրապարակում հավաքված անձինք խախտում են օրինականությունը, Հովհաննիսյանը զանգահարեց ՀՀ ոստիկանապետին եւ առաջարկեց իրեն տույժի ենթարկել, եթե օրենք է խախտվում:

Մինչ այդ Հովհաննիսյանը եւ նրան ուղեկցող անձինք` Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը, «Ժառանգություն» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանը եւ Ստեփան Սաֆարյանը եղել էին` Դիլիջանում: Այստեղ Հովհաննիսյանին տրված ձայները, ըստ պաշտոնական տվյալների եղել էին 50 տոկոսին մոտ: Հովհաննիսյանը հավատացրեց, որ դա էլ հաղթանակ է եւ, որ միասին հասնելու են վերջնական հաղթանակի` մինչեւ ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանի կողմից ժողովրդի հաղթանակը ճանաչելու եւ ինքնաբացարկ տալու:

Տավուշցիների հետ հանդիպման հաջորդ վայրը Նոյեմբերյանն էր: Հովհաննիսյանը գնահատեց, որ նոյեմբերյանցին իր օգտին տրված հաղթական ձայներով «ոչ» է ասել արտագնա աշխատանքին, թշվառությանը, հուսալքությանը: Այդ ամենը մնացել են անցյալում, նոյեմբերյանցիները իրենց ձայներով բերել են ապագան, որը հաստատվելու է Սերժ Սարգսյանի հեռացումով:

Տավուշյան այցելության վերջին կանգառում` Բերդում, Հովհաննիսյանն ասաց, որ իրեն հարկավոր չէ ոչ պաշտոն, ոչ հաղթանակ, բայց ժողովուրդը արել է իր ընտրությունը, տոնել է իր հաղթանակը եւ ամենքը պարտավոր են ժողովրդի կամքին ենթարկվել: