
Երևան։ Այսօր կայացավ «Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարը։
Համագումարը, որը կազմված էր ողջ հանրապետությունը ներկայացնող 120 պատվիրակներից, քննարկեց Հայաստանում, Արցախում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, վեր հանեց ծառացած մարտահրավերները, ընտրեց նոր ղեկավար կազմ, ընդունեց բանաձև, որն ընդգծում է «Ժառանգության» դիրքորոշումները քաղաքական իրադրության և առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
«Այսօր մենք հավաքվել ենք արդի հայոց պատմության ամենաօրհասական պահին՝ կապիտուլյացիայի և վերածննդի, հպատակեցման և ինքնիշխանության, ճակատագրապաշտության և քաղաքացիական ու ազգային իրավունքների սահմանադրական իրացման այս խաչմերուկում»,-ասաց Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ․Հովհաննիսյանը։
Համագումարի պատվիրակներն Անդրանիկ Գրիգորյանին վերընտրեցին կուսակցության վարչության նախագահ, ընդունվեց «Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի Բանաձևը, հաստատվեցին կանոնադրական փոփոխությունները։ Համագումարի աշխատանքներում ընդգծվեց «Ժառանգության» դերը ազգային կարևորագույն առաջնահերթություններում և հունիսի 7-ին կայանալիք՝ ԱԺ ընտրություններում։
Վարչության նոր ընտրված անդամներն են՝ Տաթևիկ Գամաղելյանը (Երևան), Հասմիկ Պետրոսյանը (Գյումրի), Ստեփան Վարդանյանը (Գյումրի), Վահագն Բայրամյանը (Երևան), Վանիկ Ալեքսանյանը (Երևան), Գագիկ Մարգարյանը (Արմավիր), Դավիթ Գրիգորյանը (Երևան) և Րաֆֆի Հովհաննիսյանը։
