Նախագահական ընտրությունները կվիճարկվեն ՍԴ-ում

Հովհաննիսյանը նոր հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում մարտի 5-ին,
երեկոյան ժամը 5-ին

04 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նախընտրական շտաբը դիմեց ՀՀ սահմանադրական դատարան` պաշտոնապես վիճարկելու 2013թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Հրավիրված մամլո ասուլիսում իրավաբանների թիմը ներկայացնող Կարեն Մեժլումյանը եւ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հավաստեցին, որ դատարանը է ներկայացվում համապարփակ գործ, որում տեսանելի է իշխանությունների կողմից կիրառված կեղծարարության համակարգային բնույթը:

«Բոլոր փուլերում` նախընտրական, ընտրական, հետընտրական պետությունը բաց չի թողել որեւէ հնարավորություն` Հայաստանի ժողովրդի ձայնը լռեցնելու համար,- նշեց Խուրշուդյանը: - Մենք ունենք փոքր եւ մեծ խախտումներ` անհետացող թանաքներից մինչեւ թույլատրելի սահմանը գերազանցող ծախսեր, մինչեւ ընտրողների ահաբեկում, ուռճացված ընտրական ցուցակներ, քվեաթերթիկների լցոնում: Բայց վատագույնն այն է, որ այս բոլոր խախտումները կատարվել են համակարգված: Դրանք վկայություններն են մի մեծ կեղծիքի, որի արդյունքում Հայաստանի ժողովուրդը զրկվեց իր դե-յուրե ընտրված նախագահից` Րաֆֆի Հովհաննիսյանից»:

Բարեւի հեղափոխությունը կշարունակվի վաղը: 14:00-ին Հովհաննիսյանը կայցելի Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու Վազգեն Սարգսյանի հիշատակին: Այնուհետեւ, 17:00-ին Հովհաննիսյանը կգլխավորի Ազատության հրապարակում գումարվող ժողովրդական հանրահավաքը, որտեղ քաղաքական եւ հասարակական ուժերը կմեկտեղվեն` պահանջելու ժողովրդի հաղթանակի ճանաչումը:

լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի