Ազատության հրապարակը կրկին ալեկոծ էր

2 մարտի 2013թ., Երեւան: Այսօր երեկոյան Ազատության հրապարակում կայացավ բազմահազարանոց հանրահավաք, որը բացվեց Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավի հիմնի վերածված «Հնարավոր է» երգով` կենդանի եւ հեղինակային կատարմամբ: Հովհաննիսյանն էլ երգի ազդարարման ժամանակ նկատեց, որ «ոչ թե հնարավոր է, այլ արդեն եղել է»:

Հանրահավաքի բացման իր խոսքում Հովհաննիսյանը կոչ արեց նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, քաղաքապետ Տարոն Մարգարյանին մարտի 5-ին գալ Ազատության հրապարակ եւ բերել իրենց հրաժարականները: Րաֆֆի Հովհաննիսյանից հետո ելույթ ունեցող բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչների խոսքում հնչում էր նույն հրաժարականի պահանջը` հավելելով եւ հավատալով, որ եթե կանգուն մնա Ազատության հրապարակում ընդվզող քաղաքացին, ապա այդ հրաժարականները հնարավոր կդառնան:

Հանրահավաքը վարող «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, դրական եւ օբյեկտիվ արձանագրումներ նշելով ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ գրասենյակի այսօր տարածած միջանկյալ զեկույցում, դա գնահատեց որպես Ազատության հրապարակում ընթացող պայքարի արդյունք եւ վստահեցրեց, որ որքան պայքարն աննկուն եւ աննահանջ լինի, այնքան փետրվարի 18-ի օբյեկտիվ գնահատականներն ու ընկալումները կավելանան: Հանրահավաքում ընթերցվեց նաեւ մի խումբ հրապարակախոս-մտավորականների նամակը:

Հանրահավաքը եզրափակող իր խոսքում Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին դրվատեց Հայաստանի քաղաքացուն` կատարած ընտրության եւ պայքարի համար, կրկին հավաստիացնելով, թե ապրիլի 9-ին ժողովրդի հաղթանակ է տոնվելու: Իսկ մինչ այդ, մարտի 5-ին, 14:00-ին ցուցարարները կգնան Եռաբլուր` հարգելու Վազգեն Սարգսյանի հիշատակը, իսկ երեկոյան 17:00-ին կհանդիպեն Ազատության հրապարակում:

լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի