Հոդվածների ցուցակագիր

Մարդավայել կոմունալ սպասարկում եւ որակյալ հանրային ծառայություններ` նվաստացուցիչ կենսապայմանների փոխարեն

Երեւանում հաշվառված 4.720 բազմաբնակարան շենքերից 237-ը գտնվում է Ավան վարչական շրջանում, 664-ը՝ Արաբկիրում, 419-ը՝ Աջափնյակում, 186-ը՝ Դավիթաշենում, 261-ը՝ Էրեբունում, 698-ը՝ Կենտրոնում, 575-ը՝ Մալաթիա-Սեբաստիայում, 665-ը՝ Նոր Նորքում, 626-ը՝ Շենգավիթում, 353-ը՝ Քանաքեռ-Զեյթունում եւ 36-ը՝ Նուբարաշենում (2010թ. տվյալներով)։ Երեւանի 4.419 բազմաբնակարան շենքերի կառավարումն իրականացվում է 286 համատիրությունների, 117-ը՝ լիազորագրային կառավարիչների, 175-ը՝ վարչական շրջանների ղեկավարների եւ 9-ը՝ ԿԷՉ-ի կողմից։

Երեւան քաղաքում բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակն անբավարար է գնահատվում, կոմունալ տնտեսությունը եւ նրա ենթակառուցվածքները խորհրդային ու նախախորհրդային ժամանակաշրջանից են՝ չնչին բացառություններով հիմնականում հնացած, չթարմացված եւ վթարային: Վատթար վիճակում է հատկապես վերելակային տնտեսությունը:

Թե կենտրոնական քաղաքային իշխանությունների, թե վարչական շրջանների ղեկավարության լիազորությունների իրականացումը թվարկված ոլորտներում հեռու է բավարար լինելուց: Դրան գումարվում են համատիրությունների գրեթե օրինաչափ անգործությունը (որոշ բացառություններ չհաշված), բազմաբնակարան շենքերի, սեփական տներով թաղամասերի բնակիչների անհատական անկարողությունը, անտարբերությունը, սոցիալական համերաշխության պակասը, եւ պատկերը կատարյալ է դառնում՝ մաշված ու հաճախակի խցանվող կոյուղագծեր, չաշխատող կամ վթարային վերելակներ, չվերանորոգված եւ վթարված տանիքներ, անբարեկարգ շքամուտքեր, որոնց դեմ-հանդիման միայնակ են մնում հատկապես այն բնակիչները, ում բնակարանը վթարի առաջին թիրախն է: Արդյունքում բնակիչներից շատերը հրաժարվում են վճարել կոմունալ եւ սպասարկման վարձավճարները, այլ հարկեր ու վճարումներ, եւ հավաքագրված գումարների մի մասը գնում է բյուջե, մյուս մասը ծածկում է համատիրության աշխատողների աշխատավարձը: Վերջին հաշվով՝ խնդիր չի լուծվում, կամ լուծվում են չնչին, կոսմետիկ բնույթի խնդիրներ, եւ բազմաբնակարան շենքերի պահպանության հարցը դարձյալ բաց է մնում:

Համատիրություններն իրենց առաջնային պարտականություններով զբաղվելու փոխարեն, որպես կանոն, բնակչի համար ձեւական բնույթ են կրում կամ ունեն հարկահավաք նշանակություն: Իսկ նրանց ճնշող մեծամասնությունը իշխող կուսակցության համար կատարում է կուսակցության տարածքային ստորաբաժանման դեր` ընտրությունների ժամանակ բնակիչների քվեները կորզելու գործառույթով: Դրան նպաստում է այն հանգամանքը, որ համատիրությունների ղեկավարներից շատերին ոչ թե ընտրել են բնակիչները, այլ նրանք նշանակվել են վարչական շրջանի ղեկավարության կողմից:

Երեւանցիներին մատուցվող հանրային ծառայությունների որակը նույնպես հեռու է բավարար լինելուց: Ջրամատակարարում-ջրահեռացումը, որն իրականացնում է «Երեւան ջուր»-ը կառավարող արտասահմանյան մասնավոր ընկերությունը, հեռու է բավարար համարվելուց: 24-ժամյա ջրամատակարարման ապահովման պայմանագրային պարտավորությունը մեծամասամբ չի կատարվում տնտեսություններից շատերի պարագայում: Անվերահսկելի ու հիմնականում անբավարար է նաեւ մատակարարվող ջրի որակը, հատկապես՝ երբ խողովակները շատ վայրերում նորացված չեն եւ խառնվում են կոյուղաջրերի ու անձրեւաջրերի հետ:

Անմխիթար վիճակում են բազմաթիվ բազմաբնակարան շենքերի կոյուղագծերը, որոնք հաճախակի են խցանվում: Բացի նրանից, որ ջրամատակարարող ընկերությունը չունի ոչ քաղաքացիների զանգերին պատասխանելու, ոչ էլ ծառայություն մատուցելու 24-ժամյա հերթափոխ, բնակիչը հաճախ ընկնում է մերթ համատիրության, մերթ «Երեւան ջուր» ընկերության դռները, քանի դեռ պարզված չէ թե կոյուղու որ հատվածում է տեղի ունեցել վթարը կամ խցանումը (բազմաբնակարան շենքի տարածքում համատիրությունն է պատասխանատու, իսկ դրանից դուրս` ընկերությունը):

Աղբահանությունը, որ նույնպես կատարվում է մասնավոր ընկերությունների կողմից, քաղաքի բազմաթիվ վարչական շրջաններում իրականացվում է շաբաթներով աղբի կուտակումից հետո, ինչը վարակների ու գարշահոտության պատճառ է դառնում: Իրականում Երեւանի բյուջեից աղբահանությանը տրամադրվող գումարները բավարար են աղբահանության նվազագույն եւ պատշաճ շեմն ապահովելու համար: Մինչդեռ թե՛ այս, թե՛ մյուս հանրային ծառայությունների մատուցման ոլորտում գործում է «ատկատների» սկզբունքը, երբ հանրության համար անվերահսկելի է մնում, թե թղթերի վրա ի՞նչ հաճախականություն է հիշատակվում աղբահանության իրականացման համար, ի՞նչ գումարներ են ցույց տրվում դրա դիմաց եւ ում գրպանն է գնում չարվող, բայց ցույց տրվող աշխատանքի դիմաց վճարը:

Նույն իրավիճակն է ձմռանը ձնամաքրման աշխատանքների պարագայում, երբ ամեն աշնան հայտարարվում է, թե քաղաքային իշխանությունը պատրաստ է ձնահեռացման աշխատանքները բավարար չափով կատարելու համար, սակայն յուրաքանչյուր ձմեռ «անպատրաստ» վիճակում է հայտնվում «անսպասելի եղանակի» պատճառով, իսկ հաջորդող գարնանը «զեկուցում» է, թե բավարար չափով կատարել է աշխատանքները: Հարկ է նշել, որ ներկայիս ու նախորդող բոլոր քաղաքային-թաղային իշխանությունները ուշացումով, բազմաթիվ ավտովթարներից ու կոտրվածքներից հետո են միայն մաքրել կենտրոնական, բայց ոչ երկրորդական կամ ներթաղային փողոցները: Իսկ բակերի մուտքերի մասին խոսելն ավելորդ է:

Երեւանի՝ որպես հանրապետությունում ամենամեծաքանակ աղբ գոյացնող համայնքի, աղբահանության հարցերը վատ կառավարման, փողերի վատնման (լվացման) պատճառից զատ, տարիներով չլուծված են մնում նաեւ, որովհետեւ հանրությանն անհայտ շարժառիթներով չթույլատրվեց աղբի վերամշակման գործարան հիմնել միջազգային տարբեր ծրագրերով, ովքեր պատրաստ կլինեին ոչ միայն վերամշակել աղբը եւ դրանից գոյացող թունավոր արտանետումները, այլեւ վճարել մատակարարվող աղբի դիմաց: Այս հանցավոր անգործությունը դառնալու է քաղաքային նոր իշխանությունների հատուկ ուսումնասիրության առարկան:

Քիչ չեն նաեւ «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից մատակարարվող գազի որակի վերաբերյալ երեւանցիների դժգոհությունները: Պետական ոչ մի ատյան, այդ թվում Երեւանի քաղաքապետարանը անգամ իր բնակչի համար պարզաբանում չի խնդրել, թե գազի սպառման դիմաց վճարից բացի, ինչո՞ւ են սպառողներից գանձվում նաեւ սպասարկման վճարներ (այլ ծառայություններից օգտվելու դիմաց վճարները, որպես կանոն, ներառում են նաեւ սպասարկման վճարը):

Եվ, ընդհանրապես, ոչ Երեւանի քաղաքային իշխանությունները, ոչ վարչական շրջանների ղեկավարությունը, ոչ էլ համատիրությունները երբեւէ չեն պաշտպանել բնակչի շահերը հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության առջեւ կամ, ասենք, դատարանում, թեպետ օրենքով պարտավոր են դա անել: Երբեւէ չեն պարտադրել այդ ծառայությունները մատուցող ընկերություններին, որպեսզի նրանք բարեխղճորեն կատարեն իրենց պայմանագրային հանձնառությունները:

Նշված ոլորտներում «Բարեւ Երեւան» դաշինքի գերակայություններն ու սկզբունքներն են.

  • Երեւանցին պետք է ապահովված լինի որակյալ, 24-ժամյա անընդհատ եւ անխափան ջրամատակարարմամբ-ջրահեռացմամբ, գազամատակարարմամբ ու էլեկտրամատակարարմամբ, ինչպես պարտավորվել են նշված ծառայությունները մատուցող ընկերությունները:
  • Քաղաքի կենտրոնում աղբահանությունը պետք է իրականացվի ամեն օր, իսկ ծայրամասերում` առնվազն 2 օրը մեկ հաճախականությամբ:
  • Ձմռանը ձնամաքրման աշխատանքները պետք է կատարվեն անհապաղ, ոչ միայն կենտրոնական, այլեւ ներթաղային փողոցներում:
  • Որքան էլ որ կխրախուսվեն բազմաբնակարան շենքերի բակերը, մայթերը ձյունից մաքրելու կամ ձյունն ավլելու աշխատանքները համայնքի բնակիչների կողմից, այդուհանդերձ, հաշվի առնելով, որ դրանք գտնվում են համատիրությունների, Երեւանի վարչական շրջանների ղեկավարության պարտականությունների ծիրում՝ պետք է անվերապահորեն ապահովվի դրանց պատշաճ կատարումը:
  • Հասնել նրան, որ 4 տարիների ընթացքում բոլոր բարձրահարկ բազմաբնակարան շենքերում վերելակները լինեն անվտանգ, վթարայինները` փոխարինված ու նորոգված:
  • Բացառել անճաշակ «բարենորոգչությունները» եւ խնայված գումարներն ուղղել քաղաքացիների տարրական կենցաղային հոգսերի թեթեւացմանը:
  • Առաջնահերթ լուծումներ փնտրել եւ միջոցներ հայթայթել շենքերի` անհապաղ կարգավորման ենթակա տանիքները վերանորոգելու համար:
  • Հետեւել ու պահանջել, որ երեւանցուն հանրային ծառայություն մատուցող ընկերությունները բարեխղճորեն կատարեն համապատասխան ոլորտներում իրենց ներդրումային, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման պարտավորությունները («Երեւան ջուր», «ՀայՌուսգազարդ», աղբահանություն եւ ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններ):
  • «Երեւան ջուր» ընկերության հետ համագործակցաբար վերականգնել ոռոգման ջրատար խողովակների ցանցը, որի շնորհիվ բնակիչները կդադարեն ոռոգման նպատակներով օգտագործել խմելու ջուրը, ինչը մեծապես կնպաստի շուրջօրյա ջրամատակարարման ապահովմանը:
  • Հավասարապես բարձրացնել քաղաքային իշխանության ու նրա վարչական ներկայացուցչությունների պատասխանատվությունը կենտրոնական կառավարության կողմից երեւանցուն մատուցվող ծառայությունների համար` ապահովելով օրինականությունը եւ բացառելով կոռուպցիան, դրամաշորթությունը, դրամահավաքը, հատկապես քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող առողջապահական, կրթական ու նախակրթական հաստատություններում, վարչական շրջանների նստավայրերում տեղակայված սոցիալական ապահովության եւ այլ բաժիններում:
  • Նախադեպեր ստեղծել եւ անձամբ քաղաքացու անունից հանդես գալ ծառայություններ մատուցող ընկերությունների առջեւ կամ նրանց դեմ` դատարանում, այդ թվում` պարտավորությունները խախտած ընկերությանը կամ կազմակերպությանը զրկելով ծառայություն մատուցելու իրավունքից կամ պատկան մարմինների առջեւ հանդես գալ դրանից զրկելու միջնորդությամբ:
  • Պարտադրել հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին՝ ապահովելու շուրջօրյա սպասարկում, հատկապես գիշերային, ոչ աշխատանքային ժամերին ու հանգստյան օրերին՝ արագ արձագանքման, ջրագծի, կոյուղագծի վթարի, խցանման վերացման համար:
  • Հասնել Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի ու թաղամասերի կոմունալ տնտեսության ենթակառուցվածքների (վերելակներ, տանիքների ամրացում, ջրագծերի, կոյուղագծերի փոխարինում) նորացմանը՝ աստիճանական եւ շոշափելի ծավալներով:
  • Ապահովել հանրային ծառայություններ մատուցելու համար անցկացվող մրցույթների թափանցիկությունն ու արդարությունը, ուստիեւ՝ դրանց նկատմամբ թե՛ մրցույթներին մասնակցող շահագրգիռ մասնավոր կազմակերպությունների եւ թե՛ երեւանցու վստահությունը: Ծառայության անհամեմատ բարձր որակը եւ խելամիտ գինը կլինեն նման թափանցիկության ապացույցը:
  • Ստեղծել Ավագանու ժամանակավոր հանձնաժողով նախորդ 4 տարիներին համատիրությունների ֆինանսական եւ այլ գործունեությունն ուսումնասիրելու, այդ ինստիտուտի առողջացման, օպտիմալացման ու կայացման ծրագրեր մշակելու նպատակով:
  • Վերացնել համատիրությունների ու ծառայություն մատուցող ընկերությունների միջեւ պատասխանատվության քաոսը, որ երբեմն առաջանում է բազմաբնակարան շենքի տարածքում եւ դրանից դուրս հատվածներում առաջացած վթարների, խցանումների կապակցությամբ: Դրանով իսկ քաղաքացուն ազատել քաշքշուկից ու անհարմարություններից:
  • Գործուն քայլեր նախաձեռնել միջազգային կամ տեղական շահագրգիռ ընկերությունների կողմից աղբի վերամշակման գործարան կառուցելու եւ ստացված եկամուտների հաշվին աղբահանության ծառայության որակը բարձրացնելու նպատակով:
  • Նորագույն բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ արբանյակային ալեհավաքների ցանցի միջոցով յուրաքանչյուր բնակարան ապահովել մատչելի եւ որակյալ Wi-Fi ինտերնետային կապով:
  • Հանրությանը պարբերաբար հաշվետվություն ներկայացնել հանրային ծառայությունների, կոմունալ տնտեսության ոլորտում կատարված եւ ծրագրված աշխատանքների, իրականացված ծախսերի վերաբերյալ: