Հոդվածների ցուցակագիր

«Բարեւ Երեւան» դաշինք

դաշինքի նախընտրական ծրագիր

 

Իրավատեր երեւանցի եւ Երեւանի կառավարում՝ նրա կամքով

Տասնամյակներ շարունակ Երեւանի կառավարման իրավունքն ի չարս է գործադրվել՝ ծառայելով այն իշխող խմբի եւ վերջինիս շրջապատի օլիգարխների անձնական շահերին: Յուրացվել ու սեփականվել են հանրությանը պատկանող տարածքներ` այգիներ, պուրակներ, բակեր, մայթեր, շենք-շինություններ: Անհարկի պաճուճանքների, ճոխությունների, խնջույքների ու արարողությունների վրա վատնվել, մսխվել է մայրաքաղաքի բյուջեն: Երեւանի ապաշնորհ կառավարիչները դա արել են հանրության աչքից հեռու կայացվող անօրինական որոշումներով, կոռուպցիոն գործարքներով, աչք փակելով քաղաքի գլխավոր հատակագիծ-օրենքի խախտումների վրա կամ հենց իրենք խախտելով այն: Նրանք փաստորեն մասնակից են դարձել պետական միջոցների թալանին՝ փայաբաժին ստանալով «ատկատներից» եւ իրենց ընտանիքներին ու մերձավորներին պատկանող կազմակերպություններին «շնորհելով» քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այս կամ այն հաստատության կարիքների համար ապրանքներ, հանրային ծառայություններ մատուցելու իրավունքը: Քաղաքապետարանի գործունեությունից կամ Ավագանու նիստերից հանրությանը մատուցվել են «ընտրովի» դրվագներ, բացակայել են բյուջեի միջոցները ծախսելու վերաբերյալ հաշվետվությունները: 

Իշխանության վերադարձը ժողովրդին, դրա ուղղակի եւ լիարժեք ներկայացուցչական իրականացումը սկսելու ենք Երեւանից:

 

Երեւանցուն պետք է վերադարձնենք քաղաքի տիրոջ իրավունքը եւ զգացողությունը: Մայրաքաղաքի կառավարման ու ընդունվող որոշումների հիմքում պետք է ընկած լինեն նրա կամքը, տեսակետը, քննադատությունն ու առաջարկը:

  • Իշխանությունը Երեւանում իրականացնելու ենք բացառապես երեւանցու հավանությանն արժանացած ծրագրով, նրա ձայնը բարձրաձայնող ու մշտապես հաշվետու Ավագանու անդամների, ինչպես նաեւ առանցքային հարցերի շուրջ տեղական հանրաքվեների միջոցով:
  • Խրախուսելու եւ ապահովելու ենք երեւանցիների ու շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությունը Ավագանու, նրա հանձնաժողովների նիստերին: Նիստերի դահլիճը եւ ընթացակարգերը առավելագույնս կհարմարեցվեն դրան:
  • Երեւանցին կունենա քաղաքապետի, Ավագանու աշխատանքներին հետեւելու լայն հնարավորություններ: Ավագանու ու նրա հանձնաժողովների նիստերը, հարցուպատասխանները, խորհրդակցությունները առցանց ուղիղ կհեռարձակվեն քաղաքապետարանի կայքէջով, այդպիսի ցանկություն հայտնած լրատվամիջոցներով, մայրաքաղաքային կյանքը լուսաբանել պարտավորված հեռուստաընկերությամբ:
  • Քաղաքային իշխանության ցանկացած ներկայացուցիչ պետք է լինի ժողովրդի սպասավորը, այլ ոչ թե նրա տիրակալը: Երեւանցին քաղաքապետարան կամ վարչական շրջանի կառավարչություն մուտք կգործի ոչ թե սպասարկում եւ ծառայություն մուրացողի, այլ պահանջատիրոջ իրավունքով:
  • Քաղաքապետը, փոխքաղաքապետերն ու վարչական շրջանների ղեկավարները շաբաթական, իսկ Ավագանու անդամները ամսական առնվազն մեկ օր պարտադիր կունենան քաղաքացիների ընդունելություն` նրանց բողոքները, առաջարկներն ու խնդիրները լսելու եւ դրանց լուծում տալու համար:
  • Քաղաքապետը, «Բարեւ Երեւան» դաշինքի Ավագանու անդամները հանրությանը հաշվետու կլինեն նաեւ պարբերական ասուլիսների միջոցով:
  • Կապահովվի հաշվետվողականություն յուրաքանչյուր ծախսված գումարի համար՝ սկսած աղբահանությունից, վերջացրած քաղաքի համար գլոբալ էկոլոգիական խնդիրների լուծմամբ:

Երեւանի համայնքային սեփականության կառավարում, բազմապատկում եւ քաղաքի զարգացման քաղաքականության իրականացում` կուսակցական կառավարման փոխարեն

Համատիրություններ եւ քաղաքի զարգացման ծրագրեր

Համատիրությունները/լիազորագրային կառավարիչները կամ թաղապետարանները, որպես կանոն, չեն կատարում իրենց պարտականությունները.

ա/ չեն հրավիրում շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմնի՝ բնակարանների սեփականատերերի տարեկան ժողովներ,

բ/ չեն ծանոթացնում սեփականատերերին իրենց վճարած սպասարկման գումարների ծախսումների հաշվետվություններին, ինչը պարտավոր են անել՝ հրապարակելով դրանք ամեն ամիս եւ այնպես, որ սեփականատերերը կարողանան ծանոթանալ դրանց,

գ/ գրեթե չեն իրականացնում շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում՝ աղբամուղների եւ աղբահավաք խցերի ախտահանում եւ դերատիզացում (միջատների եւ կրծողների դեմ պայքար),

դ/ գրեթե չեն իրականացնում շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրում՝ այն, ինչը պարտավոր են անել առնվազն երկու օրը մեկ անգամ,

ե/ գրեթե չեն իրականացնում ծխաօդատար ուղիների մաքրում-կարգաբերում. այն, ինչը պարտավոր են անել առնվազն տարին մեկ անգամ,

զ/ գրեթե չեն իրականացնում վերանորոգման աշխատանքներ եւ կանխարգելիչ միջոցառումներ:

Այս պարագայում հարց է առաջանում՝ ո՞ւր են գնում Երեւանի կտրվածքով հավաքագրվող միլիարդավոր դրամները:

  • «Բարեւ Երեւան» դաշինքը ներդնելու է բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարում, համատիրությունները դարձնելու է բնակիչներին հաշվետու, իսկ գործունեությունը` թափանցիկ,
  • կյանքի է կոչելու համատիրությունների ձեւավորման՝ օրենքում ամրագրված ընտրովիության սկզբունքը,
  • ապահովելու է բոլոր համատիրությունների ֆինանսական մուտքերի եւ ծախսերի հաշվետվությունների տեղադրումը համացանցում՝ ամենամսյա ընթացակարգով, ինչպեսեւ դրանց տպագիր տարբերակների տրամադրումը սեփականատեր-բնակիչներին առձեռն, տուն առ տուն:
  • Երեւանում պետք է իրականացվի ոչ միայն համայնքային սեփականության բաց եւ թափանցիկ կառավարում, այլեւ մայրաքաղաքի զարգացման քաղաքականություն կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում.
  • Որքան էլ ընտրությունների արդյունքում քաղաքային իշխանությունները ձեւավորվում են կուսակցությունների կամ նրանց դաշինքների կողմից, պետք է բացառվի մայրաքաղաքի կուսակցական կառավարումը.
  • Համայնքային ծառայության իրականացումը, կրթական ու նախակրթական հաստատությունների, համատիրությունների գործունեությունը պետք է ապակուսակցականացվի: Նշված հաստատությունների այն աշխատակիցները, ովքեր իրենց տնօրինած լծակները կօգտագործեն կուսակցական նպատակներով կամ անմիջական պարտականությունների կատարումը կզուգակցեն կուսակցական քարոզչության հետ, կազատվեն զբաղեցրած պաշտոններից կամ պատկան մարմինների առջեւ կհարուցվի նրանց ազատելու հարցը.
  • Մայրաքաղաքի զարգացումը պետք է լինի համաչափ, իսկ կենտրոնի ու ծայրամասի խնդիրները` նույն չափով քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում: Քաղաքային իշխանություններն առավելագույնս կխրախուսեն ծայրամասերում իրականացվող կառուցապատման եւ բիզնես ծրագրերը՝ հատկապես չափելի ու տեսանելի սոցիալական ուղղվածություն ունեցողները: Ծայրամասը պետք է նույնքան բարեկարգ եւ հարմարավետ լինի երեւանցու համար, որքան կենտրոնը:
  • Երեւանի զարգացման ծրագիրը, որը կհաստատվի Ավագանու կողմից, մայրաքաղաքի բնակիչների ու շահագրգիռ կազմակերպությունների հետ հրապարակային քննարկումներից հետո իր ուղենիշը կդարձնի ոչ միայն սույն Ծրագրի սկզբունքներն ու նպատակները, այլեւ դրանց իրականացման քայլերը եւ ժամանակացույցը.
  • Զարգացման ծրագիրը հավուր պատշաճի պետք է հաշվի առնի Երեւանի բոլոր չլուծված խնդիրները, ռիսկերն ու մարտահրավերները (ժողովրդագրական, բնակարանային ֆոնդի, տրանսպորտային, բնակլիմայական, հողային, քաղաքաշինական, բնակարանաշինական, կոմունալ եւ այլն) եւ արտացոլի իրատեսական, հիմնավոր ու համալիր լուծումներ.
  • Քաղաքապետարանի, նրա ենթակայության տակ գտնվող հաստատությունների գնումների գործընթացը պետք է իրականացնել առավելագույնս թափանցիկ, որի արդյունքում ոչ միայն կխնայվեն մինչեւ 30% միջոցներ, որոնք տարբեր հաշվարկներով փոշիացվում են «ատկատների» միջոցով, այլ նաեւ կխրախուսվի ծառայություններ մատուցող մասնավոր ընկերությունների մրցակցությունը, եւ կառողջանա բիզնես միջավայրը:
  • Մենք ապահովելու ենք յուրաքանչյուր գույքային միավորի հաշվառումը՝ մասնավորապես այցելելով հասցե առ հասցե եւ կազմելով արձանագրություն, սահմանելու ենք այն կոնկրետ քայլերը, որոնք պետք է իրականացվեն սեփականության տվյալ միավորը կադաստրում գրանցելու համար: Գրանցելով սեփականության բոլոր միավորները, հնարավոր կլինի մի կողմից ազատվել այս ոլորտի կոռուպցիոն ռիսկերից, մյուս կողմից կավելանան քաղաքապետարանի բյուջե մուտքերն ի հաշիվ հողի եւ շինությունների՝ մինչ այդ ստվերում մնացած գույքահարկի:

Կանաչ Երեւան՝ քարակերտ անապատի փոխարեն

Հանրային զբոսայգիներն ու կանաչ տարածքները կազմում են քաղաքաշինական նորմերով սահմանված չափի ընդամենը 20 տոկոսը, եւ այդ ցուցանիշը շարունակում է նվազել: Դրա հետեւանքով չի արտադրվում մարդու թոքերի համար անհրաժեշտ եւ բավարար թթվածնի քանակությունը. նորմատիվ համարվող 21 քառ. մետրի փոխարեն մեկ շնչին այժմ բաժին է ընկնում 7 քառ. մետրից էլ պակաս կանաչ տարածք, ինչը բազում երեւանցիների շրջանում սրել կամ հարուցել է սուր շնչառական բնույթի հիվանդություններ:

Չոր մայրցամաքային կլիմա ունեցող Երեւանը գտնվում է օշինդրային կիսաանապատի գոտում, որին առավել քան անհրաժեշտ է խոշոր, զանգվածային կանաչ տարածքներ ու ջրային մակերես՝ քամիներից պաշտպանվելու, օդը խոնավացնելու, փոշուց եւ թունավոր նյութերից մաքրելու համար: Քաղաքի կառուցապատման, կանաչ տարածքների ոչնչացման ներկայիս քաղաքականությունը սպառնում է անգամ փոխել բնակլիմայական գոտին` այն կիսաանապատայինից վերածելով անապատայինի:

Անցած 20 տարիների ընթացքում Երեւանը՝ որպես մայրաքաղաք, կորցրել է իր քաղաքային մշակույթի եւ ինքնության կարեւոր տարրերից մեկը, քանի որ հանրային շահը ստորադասվել է մասնավոր տնտեսվարողների բիզնես-շահերին, իսկ հանրային կանաչ տարածքները համատարած կերպով օտարվել ու անխնա ոչնչացվել են` խեղաթյուրելով դրանց նպատակային նշանակությունը թե իբրեւ առողջության աղբյուր, թե որպես սոցիալական շփումների ու քաղաքային մշակույթի դրսեւորման միջավայր:

Մայրաքաղաքի կանաչ եւ հանրային գոտիների օտարման հաշվին համայնքային բյուջեի համալրման գործելակերպն այլեւս չի կարող շարունակվել: Դա վտանգի տակ է դնում Երեւանի կայուն զարգացումը: Քաղաքի գլխավոր հատակագծի շեղումներն ու կանաչ տարածքների ապօրինի կառուցապատումները հասնում են ահռելի չափերի, եւ վճռական քայլեր են պահանջվում դրանք գլխավոր հատակագծի պահանջներին համապատասխանեցնելու համար:

Վերոթվարկյալ միտումները կանխելու, ռիսկերը կառավարելու վճռականությամբ` «Բարեւ Երեւան» դաշինքը կառաջնորդվի լայնարձակ զբոսայգիներ ու մեծածավալ ծառապատ վերականգնողական եւ հանգստի գոտիներ ստեղծելու ուղեգծով, ինչպես նաեւ Ալեքսանդր Թամանյանի «Քաղաք-այգի» հայեցակարգ-տեսլականով: Այս ոլորտում իրականացվող քաղաքականության առաջնահերթություններն են.

  • Մայրաքաղաքի կանաչ տարածքի ընդլայնումը՝ մինչեւ յուրաքանչյուր շնչի հաշվով 20 քառ. մետր, ներկայիս 6 քառ. մետրի փոխարեն: Կենտրոնում եւ յուրաքանչյուր վարչական շրջանում առնվազն 100 հա ընդհանուր մակերեսով 8-10 նոր այգիների՝ հանրային հարմարավետ տարածքների հիմնումը:
  • Երեւանի շրջագծում գտնվող եւ համայնքին պատկանող կանաչ գոտիների օտարման արգելումը, դրանք սեփականության կամ վարձակալության իրավունքով տրամադրելու աճուրդների բացառումը: Այդ տարածքների պատկառելի մասը պետք են արգելոցային գոտիներ հայտարարվի:
  • Երեւանի 2013թ. բյուջեում կանաչ տարածքների պահպանությանը հատկացվող գումարի կրկնապատկումը: Այն ծախսելու փիլիսոփայություն պետք է ծառայի ոչ թե քաղաքի կարճաժամկետ գեղեցկացմանը, այլ երկարատեւ էկոլոգիական վերականգնմանը, ծառաշատ գոտիների՝ պուրակների, սիզամարգերի, անտառակների ավելացմանն ու տեւական խնամքին:
  • Բոլոր հանրային այգիների ու պուրակների բարեկարգումը համայնքային միջոցներով, դրանց տարածքում բետոնապատ կամ ապակեպատ կառույցների, այդ թվում` սրճարանների, տարատեսակ զվարճավայրերի տեղադրման բացառումը: Պետք է օգտագործման հատուկ կանոններ սահմանվեն մասնավոր ներդրողներին սեփականաշնորհվող կամ վարձակալության տրվող, բայց հանրության կողմից օգտագործվող կանաչ գոտիների համար:
  • Հանրային գոտիներում ցանկացած մեծածավալ կամ փոքրածավալ քաղաքաշինական որոշումից ու հողահատկացումից առաջ քաղաքապետարանի կողմից տվյալ տարածքի բնակչությանն ակտիվ իրազեկումը եւ տվյալ նախագծի շուրջ, օրենսդրության պահանջների խստագույնս պահպանմամբ, հանրային լսումների կազմակերպումը:
  • Հանրային զբոսայգիներում մասնավոր ընկերությունների հետ բարեկարգման եւ շահագործման պայմանագրերի կնքումը միայն այն դեպքում, եթե մասնավորը հանրության հետ համաձայնեցնի առաջարկվող նախագիծը եւ պարտավորվի զբոսայգին շահագործել քաղաքապետարանի հետ պայմանագրով ամրագրված կանոնների եւ այգու նպատակային նշանակության խստագույնս պահպանմամբ:
  • Ծաղկապատման գործողություններից անցումը առավելաբար ծառաշատ այգիների եւ պուրակների ստեղծմանն ու խնամքին: Հանրային բոլոր այգիների ու պուրակների անձնագրավորումը` դրանց մուտքերի մոտ համապատասխան հատակագծերի փակցմամբ:
  • «Կանաչապատում ՓԲԸ»-ի կողմից իրականացվող առանձին ծախսերի եւ, մասնավորապես, Երեւանի բյուջեից կատարվող ծախսերի մասին մանրամասն տեղեկատվության եւ հաշվետվության պարբերաբար տրամադրումը Ավագանու էկոլոգիական հանձնաժողովին, ինչը պետք է թափանցիկ ու հասանելի լինի շահագրգիռ բոլոր քաղաքացիների եւ կազմակերպությունների համար:
  • Կենտրոնական եւ ծայրամասային զբոսայգիների աստիճանական ազատումը մասնավոր տնտեսվարողների կողմից օրենքի խախտումներով կառուցած բետոնե շինություններից, ավարտվող պայմանագրերի չերկարաձգումը եւ այն պայմանագրերի խզումը, որոնք կնքվել են օրենքի խախտմամբ:
  • Նախկինում` 1990-2000-ականներին գլխավոր հատակագծի խախտումներով կամ ապօրինաբար օտարված մեծաքանակ կանաչ տարածքները հանրությանը վերադարձնելու հնարավորության վերանայումը: Կուսումնասիրվի հանրային կանաչ տարածքների օտարման վերաբերյալ նախկինում ընդունված որոշումների օրինականությունը եւ ապօրինության փաստերի առկայության դեպքում քայլեր կձեռնարկվեն այդ որոշումների իրավական կարգավիճակը հստակեցնելու եւ համապատասխան շտկումներ կատարելու համար:
  • Բազմահարկ բնակելի շենքերի բակերում կառուցված ավտոտնակների կենտրոնացումը ստորգետնյա կամ բարձրահարկ համալիր-կայանատեղիներում՝ ազատված տարածքների հաշվին մեծացնելով բակային այգիներն ու պուրակները:
  • Բազմահարկ բնակելի շենքերի բակերում կառուցված առանձնատների ապամոնտաժումը՝ բնակմակերեսի տարբերությունը փոխհատուցելու պայմանով: Ազատված տարածքների հաշվին բակային այգիների, պուրակների, մանկական խաղահրապարակների մեծացումը: Գիտակցելով սեփականության իրավունքի կարեւորությունը եւ այն հանգամանքը, որ շատ դեպքերում կառուցապատողները կամ մասնավոր հատվածը քաղաքային ու կենտրոնական իշխանությունների պարտադրած խաղի կանոնների արդյունքում են ձեռք բերել սեփականության կամ վարձակալության իրավունքը, յուրաքանչյուր դեպքի համար գտնել անհատական եւ փոխշահավետ լուծում:
  • Ցանկացած կառուցապատման դադարեցումը եւ «Հայանտառ»-ի հետ համագործակցությամբ հետեւյալ տարածքների վերականգնումը. Նորքի անտառից մնացած հատվածը, «Հաղթանակ» զբոսայգու անտառից մնացած հատվածը, Ավանի հին եւ նոր թաղամասերի միջեւ գտնվող անտառածածկ գոտին, Դալմայի այգիները, մյուս կանաչապատ տարածքները` դրանց համար մշակելով վերականգնողական եւ պահպանության հատուկ ծրագրեր:
  • Հրաժարվել այն արատավոր քաղաքականությունից եւ գործելակերպից, ըստ որի հանրային պուրակների որոշակի տոկոսի կառուցապատման թույլտվությունից հետո նույն չափով կառուցապատվում է նաեւ մնացած մասը: Դրա հետեւանքով արդեն իսկ ոչնչացվել են մեծածավալ հանրային այգիներ եւ պուրակներ:
  • Կենտրոնի եւ մյուս վարչական շրջանների միջեւ մնացած մեծ անտառածածկ հատվածների սահմանազատումը: Դրանք պետք է հայտարարվեն անձեռնմխելի հանրային կանաչ գոտիներ: Երեւանի վարչական շրջանների կանաչ գոտիներն ու այգիները միացնող ճանապարհների հիմնումը` հետիոտնի եւ հեծանվային անխափան երթեւեկի համար:
  • Մայրաքաղաքի չխնամվող պուրակների, այդ թվում` Երեւանի հատակագծով Մաշտոցի պուրակին համադիր եւ գլխավոր պողոտայի մյուս կողմից շարունակվող պուրակի բարեկարգումը` իր ամբողջական սահմաններում, Վիշապի պուրակը Նոր Նորք վարչական շրջանում, ինչպես նաեւ հանրային զբոսայգիների անխնամ հատվածները: Հատուկ ուշադրություն կդարձվի Կոմիտասի անվան այգուն, Ազգային պանթեոնին՝ այգու ողջ մակերեսի ծավալա-տարածական լուծումները ենթարկելով նրա հոգեւոր խորհրդին ու բովանդակությանը եւ ապամոնտաժելով բոլոր անհամապատասխան կառույցները:

Վերահսկվող, օրինական եւ խելամիտ կառուցապատում` ապօրինության եւ քաոսի փոխարեն

Մայրաքաղաքում իրականացվող հողահատկացումը եւ շինարարությունը վերջին 20 տարիների ընթացքում գերազանցապես եղել է ապօրինի, ուղեկցվել մանր ու խոշոր չափերի կոռուպցիայով, ավելի շատ աղավաղել է քաղաքի ճարտարապետական տեսքը, վտանգել շենք-շինությունների սեյսմակայունությունը, ինչպես նաեւ հանրային շահի քողածածկույթի տակ սպասարկել գերշահույթներ հետապնդող անձանց շահերը:

Սեփական կառավարության եւ քաղաքապետարանի հակասահմանադրական, հակապետական որոշումների ու հակամարդկային գործողությունների արդյունքում խոշոր բիզնեսի անհագ ախորժակի զոհը դարձան Երեւանի կենտրոնի բազմաթիվ սեփականատերեր, որոնք ունեզրկվեցին հանուն մասնավորի շահի: Նույն այդ տարածքում կառուցված Հյուսիսայի պողոտան եւ հարակից գոտիների շինարարությունը իրենց դատարկ «էլիտար» շենքերով հեռու են նույնիսկ ճարտարապետական միջակ գործ լինելուց:

Մինչ օրս շարունակվում է բազմաթիվ հանրային բակերի, մայթերի, կանաչ տարածքների, այգիների ու պուրակների յուրացումը: Պատասխանատու այլ մարմինների թվում Երեւանի քաղաքային իշխանությունները դրսեւորում են հանցավոր լռություն, երբեմն նաեւ` ուղղակի հանցակցություն այնպիսի աղաղակող ապօրինություններում, որոնք շարունակվում են Օղակաձեւ զբոսայգու տարբեր հատվածներում, Օպերային հարող տարածքում, ճարտարապետական հուշարձան համարվող Փակ շուկայում, Երեւանի կենտրոնի ու ծայրամասերի, տարբեր վարչական շրջանների բազմաթիվ բակերում:

Ամեն գնով քաղաքին իշխելու նկատառումներով պետական մակարդակի հասցված քաղաքականությամբ կամ հովանավորչությամբ թույլատրվում է, որպեսզի մարդիկ իրականացնեն ապօրինի կառուցապատումներ, որից հետո պարզ դրամաշորթության եղանակով, իսկ ավելի հաճախ օրինախախտի կողմից որոշակի քաղաքական-ընտրական ծառայությունների դիմաց դրանք օրինականացվում են: Փաստացի, պետական քաղաքականությունն ինքն է քաղաքացուն դրդում օրինախախտման եւ հանցագործության:

Քաղաքաշինության եւ կառուցապատման ոլորտում «Բարեւ Երեւան» դաշինքի մոտեցումներն են.

  • Բոլոր քաղաքաշինական որոշումներն ընդունելիս ղեկավարվել բացառապես Երեւանի գլխավոր հատակագծով եւ շտկել նախկինում թույլ տրված շեղումներն ու սխալ կառուցապատումները, դադարեցնել ապօրինի կառույցների օրինականացման գործընթացը` մինչ այժմ կառուցվածքների խնդրին տալով համալիր եւ արդարացի լուծում:
  • Ճարտարապետական փոքր լուծումներ տալ հատկապես Փոքր եւ Մեծ կենտրոններում՝ չթույլատրելով հինգ-վեց հարկից (գումարած մանսարդը) բարձր շինարարություն:
  • Ելնելով Երեւանի առանձնահատկություններից` կիրառել լանդշաֆտային ճարտարապետություն:
  • Երեւանի գլխավոր ճարտարապետին զերծ պահել բացառապես սեփական ստեղծագործական նախագծերի իրականացումից, պաշտոնի չարաշահումից ու շահերի բախումից, նրան վերապահել հաստատված քաղաքաշինական ու կառուցապատման նախագծերը, քաղաքաշինության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների իրագործման վերահսկողությունը եւ օրենքով թույլատրելի այլ գործառույթների կատարումը:
  • Երեւանի տարբեր հանրային գոտիների բարեկարգման ու նախագծման համար ապահովել բաց եւ թափանցիկ մրցույթներ` հրավիրելով եւ խրախուսելով շահագրգիռ ճարտարապետական գրասենյակներին ու անհատ ճարտարապետներին, ինչպեսեւ ապահովել հանրության մասնակցությունն առաջարկների քննարկման ժամանակ:
  • Վերջ տալ այն արատավոր աշխատաոճին, երբ Երեւանի քաղաքապետարանը կառավարության հետ միասին հանդես է գալիս կառուցապատող-իրացման գոտու բնակիչ հարաբերություններում` հօգուտ առաջինի պետական լծակներով երկրորդից զավթելով նրա սեփականությունը, խախտելով այլ իրավունքներն ու շահերը: Քաղաքապետարանը նման վեճերի դեպքում կարող է լավագույն դեպքում հանդես գալ իբրեւ փոխընդունելի լուծումներ առաջարկող միջնորդ եւ հաշտարար՝ նախեւառաջ պաշտպանելով օրենքի տառն ու ոգին, ինչպես նաեւ համայնքի շահերը:
  • Որդեգրել Երեւանի համաչափ զարգացման եւ սուբուրբանիզացման խթանման քաղաքականություն. սույն ծրագրով նախընտրելի (ծայրամասեր, վթարային շենքերի տարածքներ) եւ օրենքով թույլատրված գոտիներում խրախուսել այն բիզնես-նախագծերը, որոնք ունեն սոցիալական ուղղվածություն եւ լուծում են ինչպես տվյալ տարածքի, այնպես էլ երիտասարդ կամ խիստ բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները:
  • Երեւանի շենքերի եւ մայթերի կառուցապատումը հարմարեցնել հաշմանդամների կողմից դրանցից օգտվելու սահմանափակ հնարավորություններին:
  • Ներդնել պարտադիր ջերմախնայող կառուցապատման ծրագիր՝ կիրառելով թե՛ օրենքի ուժը, թե՛ խրախուսման մեխանիզմները: Սեփական վառելանյութի պաշարամիջոցներ չունեցող Հայաստանի համար նման կառուցապատումը ռազմավարական նշանակություն ունի, ինչը հնարավորություն կտա նվազեցնել ջեռուցման ծախսերը մինչեւ 30%:
  • Մասնագիտացած եւ իրավասու գերատեսչությունների ու ընկերությունների հետ գնահատել մայրաքաղաքի բնակֆոնդը, շենքերի մաշվածության, վթարայնության, սեյսմակայունության աստիճանը, անձնագրավորել բոլոր շենքերն՝ ըստ կարիքների: Իսկ ըստ հրատապության՝ կազմել շենքերի ամրացման, անհրաժեշտության դեպքում՝ հների քանդման եւ նորերի կառուցման նախագծերի ժամանակացույց` բնակիչների ժամանակավոր բնակության վայրի ապահովմամբ: Գտնել բարեխիղճ ներդրողներ եւ գործընկերներ դրանք կյանքի կոչելու համար: Երկարաժամկետ ծրագրում Երեւանի հնացած բնակֆոնդը հետզհետե պետք է փոխարինվի նորով:
  • Սկսել մի քանի հանրային կացարանների կառուցումը` ժամանակավորապես անտուն դարձած կամ փողոցում հայտնված մարդկանց ապաստան տալու համար: Միաժամանակ մասնակցել նման կացարանների կառուցման (տրամադրման) ֆինանսավորմանը Հայաստանի այն բնակավայրերում, որտեղից Երեւան են եկել այդ անձինք:
  • Կառավարության կամ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների միջոցով օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել հատկապես վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, քաղաքաշինության, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին, Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման առանձնահատկությունների մասին օրենքներում` քաղաքաշինական նորմերի, պետական մարմինների միջեւ լիազորությունների ավելի հստակ բաժանման, առավել խիստ շինարարական նորմեր (ներառյալ շինհրապարակի ծառերի ու կանաչ տարածքի պաշտպանության մասով) սահմանելու, շինարարության կամ կառուցապատման ժամանակ դրանք պահպանելու վերաբերյալ:
  • Սահմանել բոլորի համար հավասար ու հստակ նորմեր՝ բազմաբնակարան շենքերի տանիքների սեփականաշնորհման եւ դրանց վրա մանսարդների կառուցման հարցում, մեկ քառակուսի մետրը 20.000-50.000 դրամ հաշվարկով (տարբերությունը՝ ըստ գոտիականության, նախապատվությունը տալով վերջին հարկի բնակարանների սեփականատերերին), որի արդյունքում մի կողմից կիրականացվի շենքերի ամրացում հատուկ տիպային կառուցվածքներ պարունակող մանսարդների միջոցով, մյուս կողմից կհամալրվի քաղաքային բյուջեն 4 տարվա կտրվածքով՝ առնվազն 30 մլրդ դրամի (ավելի քան 70 մլն դոլարի) չափով եւ ոչ թե կաշառքներով տրված թույլատվությունների միջոցով՝ քաղաքապետարանի պաշտոնյաների գրպանները կամ անհասկանալի նպատակներին ծառայող հատուկ արտաբյուջետային ոչ թափանցիկ գործող հիմնադրամները:

Մարդավայել կոմունալ սպասարկում եւ որակյալ հանրային ծառայություններ` նվաստացուցիչ կենսապայմանների փոխարեն

Երեւանում հաշվառված 4.720 բազմաբնակարան շենքերից 237-ը գտնվում է Ավան վարչական շրջանում, 664-ը՝ Արաբկիրում, 419-ը՝ Աջափնյակում, 186-ը՝ Դավիթաշենում, 261-ը՝ Էրեբունում, 698-ը՝ Կենտրոնում, 575-ը՝ Մալաթիա-Սեբաստիայում, 665-ը՝ Նոր Նորքում, 626-ը՝ Շենգավիթում, 353-ը՝ Քանաքեռ-Զեյթունում եւ 36-ը՝ Նուբարաշենում (2010թ. տվյալներով)։ Երեւանի 4.419 բազմաբնակարան շենքերի կառավարումն իրականացվում է 286 համատիրությունների, 117-ը՝ լիազորագրային կառավարիչների, 175-ը՝ վարչական շրջանների ղեկավարների եւ 9-ը՝ ԿԷՉ-ի կողմից։

Երեւան քաղաքում բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակն անբավարար է գնահատվում, կոմունալ տնտեսությունը եւ նրա ենթակառուցվածքները խորհրդային ու նախախորհրդային ժամանակաշրջանից են՝ չնչին բացառություններով հիմնականում հնացած, չթարմացված եւ վթարային: Վատթար վիճակում է հատկապես վերելակային տնտեսությունը:

Թե կենտրոնական քաղաքային իշխանությունների, թե վարչական շրջանների ղեկավարության լիազորությունների իրականացումը թվարկված ոլորտներում հեռու է բավարար լինելուց: Դրան գումարվում են համատիրությունների գրեթե օրինաչափ անգործությունը (որոշ բացառություններ չհաշված), բազմաբնակարան շենքերի, սեփական տներով թաղամասերի բնակիչների անհատական անկարողությունը, անտարբերությունը, սոցիալական համերաշխության պակասը, եւ պատկերը կատարյալ է դառնում՝ մաշված ու հաճախակի խցանվող կոյուղագծեր, չաշխատող կամ վթարային վերելակներ, չվերանորոգված եւ վթարված տանիքներ, անբարեկարգ շքամուտքեր, որոնց դեմ-հանդիման միայնակ են մնում հատկապես այն բնակիչները, ում բնակարանը վթարի առաջին թիրախն է: Արդյունքում բնակիչներից շատերը հրաժարվում են վճարել կոմունալ եւ սպասարկման վարձավճարները, այլ հարկեր ու վճարումներ, եւ հավաքագրված գումարների մի մասը գնում է բյուջե, մյուս մասը ծածկում է համատիրության աշխատողների աշխատավարձը: Վերջին հաշվով՝ խնդիր չի լուծվում, կամ լուծվում են չնչին, կոսմետիկ բնույթի խնդիրներ, եւ բազմաբնակարան շենքերի պահպանության հարցը դարձյալ բաց է մնում:

Համատիրություններն իրենց առաջնային պարտականություններով զբաղվելու փոխարեն, որպես կանոն, բնակչի համար ձեւական բնույթ են կրում կամ ունեն հարկահավաք նշանակություն: Իսկ նրանց ճնշող մեծամասնությունը իշխող կուսակցության համար կատարում է կուսակցության տարածքային ստորաբաժանման դեր` ընտրությունների ժամանակ բնակիչների քվեները կորզելու գործառույթով: Դրան նպաստում է այն հանգամանքը, որ համատիրությունների ղեկավարներից շատերին ոչ թե ընտրել են բնակիչները, այլ նրանք նշանակվել են վարչական շրջանի ղեկավարության կողմից:

Երեւանցիներին մատուցվող հանրային ծառայությունների որակը նույնպես հեռու է բավարար լինելուց: Ջրամատակարարում-ջրահեռացումը, որն իրականացնում է «Երեւան ջուր»-ը կառավարող արտասահմանյան մասնավոր ընկերությունը, հեռու է բավարար համարվելուց: 24-ժամյա ջրամատակարարման ապահովման պայմանագրային պարտավորությունը մեծամասամբ չի կատարվում տնտեսություններից շատերի պարագայում: Անվերահսկելի ու հիմնականում անբավարար է նաեւ մատակարարվող ջրի որակը, հատկապես՝ երբ խողովակները շատ վայրերում նորացված չեն եւ խառնվում են կոյուղաջրերի ու անձրեւաջրերի հետ:

Անմխիթար վիճակում են բազմաթիվ բազմաբնակարան շենքերի կոյուղագծերը, որոնք հաճախակի են խցանվում: Բացի նրանից, որ ջրամատակարարող ընկերությունը չունի ոչ քաղաքացիների զանգերին պատասխանելու, ոչ էլ ծառայություն մատուցելու 24-ժամյա հերթափոխ, բնակիչը հաճախ ընկնում է մերթ համատիրության, մերթ «Երեւան ջուր» ընկերության դռները, քանի դեռ պարզված չէ թե կոյուղու որ հատվածում է տեղի ունեցել վթարը կամ խցանումը (բազմաբնակարան շենքի տարածքում համատիրությունն է պատասխանատու, իսկ դրանից դուրս` ընկերությունը):

Աղբահանությունը, որ նույնպես կատարվում է մասնավոր ընկերությունների կողմից, քաղաքի բազմաթիվ վարչական շրջաններում իրականացվում է շաբաթներով աղբի կուտակումից հետո, ինչը վարակների ու գարշահոտության պատճառ է դառնում: Իրականում Երեւանի բյուջեից աղբահանությանը տրամադրվող գումարները բավարար են աղբահանության նվազագույն եւ պատշաճ շեմն ապահովելու համար: Մինչդեռ թե՛ այս, թե՛ մյուս հանրային ծառայությունների մատուցման ոլորտում գործում է «ատկատների» սկզբունքը, երբ հանրության համար անվերահսկելի է մնում, թե թղթերի վրա ի՞նչ հաճախականություն է հիշատակվում աղբահանության իրականացման համար, ի՞նչ գումարներ են ցույց տրվում դրա դիմաց եւ ում գրպանն է գնում չարվող, բայց ցույց տրվող աշխատանքի դիմաց վճարը:

Նույն իրավիճակն է ձմռանը ձնամաքրման աշխատանքների պարագայում, երբ ամեն աշնան հայտարարվում է, թե քաղաքային իշխանությունը պատրաստ է ձնահեռացման աշխատանքները բավարար չափով կատարելու համար, սակայն յուրաքանչյուր ձմեռ «անպատրաստ» վիճակում է հայտնվում «անսպասելի եղանակի» պատճառով, իսկ հաջորդող գարնանը «զեկուցում» է, թե բավարար չափով կատարել է աշխատանքները: Հարկ է նշել, որ ներկայիս ու նախորդող բոլոր քաղաքային-թաղային իշխանությունները ուշացումով, բազմաթիվ ավտովթարներից ու կոտրվածքներից հետո են միայն մաքրել կենտրոնական, բայց ոչ երկրորդական կամ ներթաղային փողոցները: Իսկ բակերի մուտքերի մասին խոսելն ավելորդ է:

Երեւանի՝ որպես հանրապետությունում ամենամեծաքանակ աղբ գոյացնող համայնքի, աղբահանության հարցերը վատ կառավարման, փողերի վատնման (լվացման) պատճառից զատ, տարիներով չլուծված են մնում նաեւ, որովհետեւ հանրությանն անհայտ շարժառիթներով չթույլատրվեց աղբի վերամշակման գործարան հիմնել միջազգային տարբեր ծրագրերով, ովքեր պատրաստ կլինեին ոչ միայն վերամշակել աղբը եւ դրանից գոյացող թունավոր արտանետումները, այլեւ վճարել մատակարարվող աղբի դիմաց: Այս հանցավոր անգործությունը դառնալու է քաղաքային նոր իշխանությունների հատուկ ուսումնասիրության առարկան:

Քիչ չեն նաեւ «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից մատակարարվող գազի որակի վերաբերյալ երեւանցիների դժգոհությունները: Պետական ոչ մի ատյան, այդ թվում Երեւանի քաղաքապետարանը անգամ իր բնակչի համար պարզաբանում չի խնդրել, թե գազի սպառման դիմաց վճարից բացի, ինչո՞ւ են սպառողներից գանձվում նաեւ սպասարկման վճարներ (այլ ծառայություններից օգտվելու դիմաց վճարները, որպես կանոն, ներառում են նաեւ սպասարկման վճարը):

Եվ, ընդհանրապես, ոչ Երեւանի քաղաքային իշխանությունները, ոչ վարչական շրջանների ղեկավարությունը, ոչ էլ համատիրությունները երբեւէ չեն պաշտպանել բնակչի շահերը հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության առջեւ կամ, ասենք, դատարանում, թեպետ օրենքով պարտավոր են դա անել: Երբեւէ չեն պարտադրել այդ ծառայությունները մատուցող ընկերություններին, որպեսզի նրանք բարեխղճորեն կատարեն իրենց պայմանագրային հանձնառությունները:

Նշված ոլորտներում «Բարեւ Երեւան» դաշինքի գերակայություններն ու սկզբունքներն են.

  • Երեւանցին պետք է ապահովված լինի որակյալ, 24-ժամյա անընդհատ եւ անխափան ջրամատակարարմամբ-ջրահեռացմամբ, գազամատակարարմամբ ու էլեկտրամատակարարմամբ, ինչպես պարտավորվել են նշված ծառայությունները մատուցող ընկերությունները:
  • Քաղաքի կենտրոնում աղբահանությունը պետք է իրականացվի ամեն օր, իսկ ծայրամասերում` առնվազն 2 օրը մեկ հաճախականությամբ:
  • Ձմռանը ձնամաքրման աշխատանքները պետք է կատարվեն անհապաղ, ոչ միայն կենտրոնական, այլեւ ներթաղային փողոցներում:
  • Որքան էլ որ կխրախուսվեն բազմաբնակարան շենքերի բակերը, մայթերը ձյունից մաքրելու կամ ձյունն ավլելու աշխատանքները համայնքի բնակիչների կողմից, այդուհանդերձ, հաշվի առնելով, որ դրանք գտնվում են համատիրությունների, Երեւանի վարչական շրջանների ղեկավարության պարտականությունների ծիրում՝ պետք է անվերապահորեն ապահովվի դրանց պատշաճ կատարումը:
  • Հասնել նրան, որ 4 տարիների ընթացքում բոլոր բարձրահարկ բազմաբնակարան շենքերում վերելակները լինեն անվտանգ, վթարայինները` փոխարինված ու նորոգված:
  • Բացառել անճաշակ «բարենորոգչությունները» եւ խնայված գումարներն ուղղել քաղաքացիների տարրական կենցաղային հոգսերի թեթեւացմանը:
  • Առաջնահերթ լուծումներ փնտրել եւ միջոցներ հայթայթել շենքերի` անհապաղ կարգավորման ենթակա տանիքները վերանորոգելու համար:
  • Հետեւել ու պահանջել, որ երեւանցուն հանրային ծառայություն մատուցող ընկերությունները բարեխղճորեն կատարեն համապատասխան ոլորտներում իրենց ներդրումային, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման պարտավորությունները («Երեւան ջուր», «ՀայՌուսգազարդ», աղբահանություն եւ ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններ):
  • «Երեւան ջուր» ընկերության հետ համագործակցաբար վերականգնել ոռոգման ջրատար խողովակների ցանցը, որի շնորհիվ բնակիչները կդադարեն ոռոգման նպատակներով օգտագործել խմելու ջուրը, ինչը մեծապես կնպաստի շուրջօրյա ջրամատակարարման ապահովմանը:
  • Հավասարապես բարձրացնել քաղաքային իշխանության ու նրա վարչական ներկայացուցչությունների պատասխանատվությունը կենտրոնական կառավարության կողմից երեւանցուն մատուցվող ծառայությունների համար` ապահովելով օրինականությունը եւ բացառելով կոռուպցիան, դրամաշորթությունը, դրամահավաքը, հատկապես քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող առողջապահական, կրթական ու նախակրթական հաստատություններում, վարչական շրջանների նստավայրերում տեղակայված սոցիալական ապահովության եւ այլ բաժիններում:
  • Նախադեպեր ստեղծել եւ անձամբ քաղաքացու անունից հանդես գալ ծառայություններ մատուցող ընկերությունների առջեւ կամ նրանց դեմ` դատարանում, այդ թվում` պարտավորությունները խախտած ընկերությանը կամ կազմակերպությանը զրկելով ծառայություն մատուցելու իրավունքից կամ պատկան մարմինների առջեւ հանդես գալ դրանից զրկելու միջնորդությամբ:
  • Պարտադրել հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին՝ ապահովելու շուրջօրյա սպասարկում, հատկապես գիշերային, ոչ աշխատանքային ժամերին ու հանգստյան օրերին՝ արագ արձագանքման, ջրագծի, կոյուղագծի վթարի, խցանման վերացման համար:
  • Հասնել Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի ու թաղամասերի կոմունալ տնտեսության ենթակառուցվածքների (վերելակներ, տանիքների ամրացում, ջրագծերի, կոյուղագծերի փոխարինում) նորացմանը՝ աստիճանական եւ շոշափելի ծավալներով:
  • Ապահովել հանրային ծառայություններ մատուցելու համար անցկացվող մրցույթների թափանցիկությունն ու արդարությունը, ուստիեւ՝ դրանց նկատմամբ թե՛ մրցույթներին մասնակցող շահագրգիռ մասնավոր կազմակերպությունների եւ թե՛ երեւանցու վստահությունը: Ծառայության անհամեմատ բարձր որակը եւ խելամիտ գինը կլինեն նման թափանցիկության ապացույցը:
  • Ստեղծել Ավագանու ժամանակավոր հանձնաժողով նախորդ 4 տարիներին համատիրությունների ֆինանսական եւ այլ գործունեությունն ուսումնասիրելու, այդ ինստիտուտի առողջացման, օպտիմալացման ու կայացման ծրագրեր մշակելու նպատակով:
  • Վերացնել համատիրությունների ու ծառայություն մատուցող ընկերությունների միջեւ պատասխանատվության քաոսը, որ երբեմն առաջանում է բազմաբնակարան շենքի տարածքում եւ դրանից դուրս հատվածներում առաջացած վթարների, խցանումների կապակցությամբ: Դրանով իսկ քաղաքացուն ազատել քաշքշուկից ու անհարմարություններից:
  • Գործուն քայլեր նախաձեռնել միջազգային կամ տեղական շահագրգիռ ընկերությունների կողմից աղբի վերամշակման գործարան կառուցելու եւ ստացված եկամուտների հաշվին աղբահանության ծառայության որակը բարձրացնելու նպատակով:
  • Նորագույն բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ արբանյակային ալեհավաքների ցանցի միջոցով յուրաքանչյուր բնակարան ապահովել մատչելի եւ որակյալ Wi-Fi ինտերնետային կապով:
  • Հանրությանը պարբերաբար հաշվետվություն ներկայացնել հանրային ծառայությունների, կոմունալ տնտեսության ոլորտում կատարված եւ ծրագրված աշխատանքների, իրականացված ծախսերի վերաբերյալ:

Բարեկարգ, լուսավոր փողոցներ, բակեր եւ բարձրակարգ ասֆալտապատ ճանապարհներ

Տարիների ընթացքում անմխիթար վիճակում հայտնված Երեւանի բազմաթիվ փողոցներից, բակերից մի քանիսի ցուցադրական բարեկարգումն ավելի շատ խաբկանք կամ ժողովրդին նետված փշրանք է` թաքցնելու համար տարիների անգործությունը, պետական միջոցների վատնումը եւ յուրացումը:

Փողոցների ու բակերի ասֆալտապատումը նույնպես Երեւանում եղել եւ մնում է «փողերի լվացման» լավագույն հրապարակը: Նույն փողոցի բազմակի ասֆալտապատումը կամ կարճ ժամանակահատվածում նոր ասֆալտապատված փողոցների շարքից դուրս գալը, պարբերաբար իրականացվող «կարկատանները» դրա խոսուն եւ լավագույն ապացույցն են:

Դեռեւս կան ճանապարհներ ու բակեր, որոնք վերջին անգամ ասֆալտապատվել են Խորհրդային կարգերի օրոք: Ավտոտրանսպորտային միջոցների կողմից երթեւեկության կանոնների խախտումների մի մասը պայմանավորված է դրանով, մինչդեռ պետական ու քաղաքային իշխանությունների չկատարված պարտականության համար տուգանքը վճարում է վարորդը:

Այս բնագավառում «Բարեւ Երեւան» դաշինքի հետապնդած նպատակներն են.

  • Ապահովել, որպեսզի 4 տարվա ընթացքում Երեւանի անխտիր բոլոր բակերը, ներթաղային ճանապարհները լինեն բարեկարգ եւ ասֆալտապատ:
  • Ասֆալտապատում իրականացնող ընկերությունների ընտրության համար հայտարարվող մրցույթները պետք է լինեն բաց, թափանցիկ, զերծ կոռուպցիոն դրսեւորումներից:
  • Բարձրացնել ճանապարհների որակի նորմերի շեմը եւ կառուցապատման խիստ վերահսկողությունը (կոռուպցիայի բացառում), ինչի արդյունքում նույն գումարների ծախսմամբ կառուցված ասֆալտը կծառայի մինչեւ 15 տարի, ինչպես նաեւ` ներդնելով քաղաքային իշխանությունների ու հանրության կողմից դրա որակի կառավարման եւ վերահսկման լրջագույն մեխանիզմներ:
  • Բարձրացնել փողոցների անցողունակությունը` ինչպես կարգավորման եւ լոգիստիկայի օպտիմիզացման, այնպես էլ ճարտարապետաշինարարական լուծումների միջոցով:
  • Հետիոտնի անցման հարմարավետության ապահովում՝ մայթերի նախանշված լայնությունը սահմանափակող օբյեկտների տեղափոխում ոչ հետիոտնային գոտիներ:
  • Ապահովել անխափան եւ անընդհատ լուսավորությունը բոլոր, այլ ոչ միայն կենտրոնական փողոցների համար` ներդնելով լուսավորության պակաս էներգատար համակարգեր:
  • Չորս տարվա ընթացքում ավարտին հասցնել բոլոր փողոցների եւ խաչմերուկների համար էլեկտրոնային լուսատախտակներով լուսափողերի տեղադրումը` քաղաքացիների շրջանում խրախուսելով փողոցը սահմանված վայրերով անցնելու մշակույթի ձեւավորումը:
  • Բարեկարգել առկա գետնանցումները, անընդհատ հոգ տանել դրանց մաքրության, լուսավորության համար, վերգետնյա ու ստորգետնյա անցումներ կառուցել ոչ միայն Կենտրոնում, այլեւ մյուս վարչական շրջաններում:

Հարմարավետ, մատչելի հասարակական տրանսպորտ

Քաղաքային ուղեւորափոխադրումները բացահայտ վերածվել են մի քանի անձանց ու պաշտոնյաների բիզնեսի, այն էլ` երեւանցու արժանապատվությունը նսեմացնող եղանակներով: Երեւանցին դիտարկվում է ոչ թե որպես սպասարկման ու ծառայության պահանջատեր, այլ՝ եկամտի աղբյուր սոսկ գծատերերի համար, որոնք ոչ մի պարտավորություն չեն զգում ու պատասխանատվություն չեն կրում ծառայության որակի համար, եւ անպատժելի են:

Միկրոավտոբուսների մայրաքաղաքային երթուղային գծերը գերազանցապես պատկանում են իշխանության ներկայացուցիչների, նրանց մերձավորների, դրանց թվում եւ` գործող քաղաքապետին: Երթուղիների համար անցկացված մրցույթների ելքը միշտ կանխորոշված է եղել. դրանք շահում են բացառապես «յուրայինները»:

Տարիների ընթացքում ներկրվել եւ երթեւեկի մեջ են մտցվել մի քանի տասնյակ ավտոբուսներ` հանրությանը ցույց տալու համար, թե քաղաքային իշխանությունները իրականացնում են միկրոավտոբուսներից դեպի հարմարավետ ավտոբուսներ անցման գործընթաց: Սակայն իրականում այն ձեռնտու չէ գործող իշխանություններին, որովհետեւ ուղեւորափոխադրումների կազմակերպման եւ իրականացման արդիականացումն էապես հարվածելու է միկրոավտոբուսներից ստացվող եկամտին, որոնց վարորդները հիմնականում ստրկական պայմաններով են աշխատում եւ վճարվում, իսկ նրանց իրավունքները պաշտպանված չեն:

Հետեւողականորեն ոչնչացվեց տրամվայների ցանցը, տրոլեյբուսներինը հազիվ գոյություն է քարշ տալիս: Խորհրդային ժամանակաշրջանից անավարտ կամ կիսակառույց մետրոպոլիտենի եւ ոչ մի կայարան շահագործման չհանձնվեց: Թերեւս, սա ոչ թե ուղեւորափոխադրումների նկատմամբ քաղաքային իշխանությունների անտարբերություն է, այլ այն կարգավորելու մեջ անձնական շահագրգռվածություն չունենալու ապացույց:

«Բարեւ Երեւան» դաշինքը իր քաղաքականությամբ հետապնդելու է հետեւյալ նպատակները.

  • Էլեկտրատրանսպորտի առաջանցիկ զարգացում, այդ թվում` առաջիկա 4 տարիների ընթացքում մետրոպոլիտենի առնվազն 3 նոր կայարանների բացում և գործող 3 կայարանների համար նոր մուտքերի կառուցում (արդյունքում հնարավոր է ավելացնել ուղեւորափոխադրումները ավելի քան 40%-ը),
  • Ապահովել, որպեսզի 4 տարվա ընթացքում վերգետնյա հասարակական տրանսպորտային ուղեւորափոխադրումների առնվազն 80%-ը կազմակերպվի հարմարավետ ավտոբուսների, էլեկտրակառքերի (տրոլեյբուսների) միջոցով:
  • Միկրոավտոբուսների քանակը համամասնորեն նվազեցնել մինչեւ 20 տոկոս` դրանք հիմնականում նախատեսելով ծայրամասերի, դրանց միջեւ կապի, ինչպես նաեւ ծայրամասերից մինչեւ մետրոյի մոտակա կայարաններ ուղեւորներին փոխադրելու համար:
  • Ապահովել, որպեսզի քաղաքի ծայրամասերը կապող երթուղիները հնարավորինս խուսափեն քաղաքի կենտրոնով անցնելուց:
  • Իրականացնել հասարակական տրանսպորտը հաշմանդամների եւ բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու ծրագիր:
  • Հանրային տրանսպորտի բոլոր կանգառները կվերափոխվեն այնպես, որ տրանսպորտի կուտակումներ և խցանումներ չլինեն:
  • Չորս տարվա ընթացքում մայրաքաղաքում ներդնել հասարակական տրանսպորտի էլեկտրոնային չվացուցակների համակարգը եւ այդպիսի վահանակներ տեղադրել բոլոր կանգառներում:
  • Հասարակական տրանսպորտում տեղադրել տոմս վաճառող սարքեր, վարորդներին ազատել տոմսի գումար հավաքելու գործառույթից, ինչպես նաեւ գծատիրոջը «պլան» մուծելու փոխարեն տալ արժանավայել աշխատավարձ:
  • Ապահովել, որպեսզի հանրային տրանսպորտի բոլոր տեսակներից հաշմանդամները եւ կենսաթոշակառուները օգտվեն անվճար, ինչը կսուբսիդավորվի քաղաքային իշխանությունների կողմից:
  • Վերագործարկել դեպի Նորք-Մարաշ տանող ճոպանուղին եւ ապահովել դրա պատշաճ ու անխափան գործունեությունը:

Կանխատեսելի ու բարենպաստ գործարար միջավայր ոչ միայն խոշոր, այլ նաեւ փոքր ու միջին բիզնեսի համար

Վերջին տարիներին մայրաքաղաքում նկատելի է խոշոր բիզնեսի ծավալում մանր ու միջին բիզնեսի շուկայի հաշվին, որն ընթանում է քաղաքային իշխանությունների ու գործադիր իշխանության հովանավորչությամբ: Դրա արդյունքում տարիներով գործունեություն իրականացրած բազմաթիվ ձեռնարկատերեր հայտնվում են սնանկացման ու ամեն ինչ կորցնելու վտանգի առջեւ: Տարբեր տարիների քաղաքային իշխանությունները, որքան էլ հարել են նույն կուսակցությանը, պարտադրել են տարբեր պահանջներ, եւ հաջորդող քաղաքապետերը շատ հաճախ չեն ճանաչել նախորդների առաջադրած ու բավարարված պայմանները: Արդյունքում տուժել են առեւտրով, սպասարկմամբ ու բիզնեսով զբաղվող ձեռներեցները:

Այս բնագավառում «Բարեւ Երեւան» դաշինքը պարտավորվում է.

  • Սահմանել հստակ կանոններ բոլորի համար ու հավատարիմ մնալ դրանց` չդիմելով անկանխատեսելի ու չհայտարարված փոփոխությունների, որոնք անսպասելի կլինեն գործարար միջավայրի համար:
  • Սահմանել սուպերմարկետների առավելագույն քանակություն, որ կարող է գոյություն ունենալ տվյալ տարածքում` դրանով իսկ կլանումից ու շուկայից դուրս հայտնվելու վտանգից պաշտպանված դարձնելով նաեւ փոքր ու միջին խանութներին:
  • Ավելի խիստ վերահսկողություն իրականացնել բնակելի հատվածներում սննդի ու գիշերային օբյեկտներում բարձրահունչ երաժշտության եւ աղմուկի թույլատրելի մակարդակի նկատմամբ, խախտումների համար խստացնել պատասխանատվությունը՝ սահմանված տուգանքների չափի ավելացմամբ:
  • Հիպերմարկետները կառուցել բացառապես քաղաքի ծայրամասային ազատ գոտիներում եւ քաղաքամերձ հատվածներում՝ մեծ կենտրոնը բեռնաթափելով գերխոշոր կառույցներից:
  • Տոնավաճառներ կազմակերպելու համար հանրային տարածքները տրամադրել ոչ թե ենթավարձակալներին, ովքեր եկամուտներ կստանան դրանից, իսկ համայնքի եկամուտը կլինի չնչին, այլ ուղղակի` հենց քաղաքապետարանին:
  • Բացօթյա առեւտրի հստակ կանոնակարգում օրենսդրորեն` շարժական ու միատեսակ սեղանիկների միջոցով, ինչպես նաեւ այն իրականացնողների վրա դնելով տարածքի հիգիենիկ մաքրության պարտավորությունը:

Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնարար իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 3-րդ հոդված):

Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 14-րդ հոդված):

 

«Բարեւ Երեւան» դաշինքը դա կապահովի երեւանցու հետ, երեւանցու համար եւ հանուն արթնացող Նոր Երեւանի