Վերահսկվող, օրինական եւ խելամիտ կառուցապատում` ապօրինության եւ քաոսի փոխարեն
Մայրաքաղաքում իրականացվող հողահատկացումը եւ շինարարությունը վերջին 20 տարիների ընթացքում գերազանցապես եղել է ապօրինի, ուղեկցվել մանր ու խոշոր չափերի կոռուպցիայով, ավելի շատ աղավաղել է քաղաքի ճարտարապետական տեսքը, վտանգել շենք-շինությունների սեյսմակայունությունը, ինչպես նաեւ հանրային շահի քողածածկույթի տակ սպասարկել գերշահույթներ հետապնդող անձանց շահերը:
Սեփական կառավարության եւ քաղաքապետարանի հակասահմանադրական, հակապետական որոշումների ու հակամարդկային գործողությունների արդյունքում խոշոր բիզնեսի անհագ ախորժակի զոհը դարձան Երեւանի կենտրոնի բազմաթիվ սեփականատերեր, որոնք ունեզրկվեցին հանուն մասնավորի շահի: Նույն այդ տարածքում կառուցված Հյուսիսայի պողոտան եւ հարակից գոտիների շինարարությունը իրենց դատարկ «էլիտար» շենքերով հեռու են նույնիսկ ճարտարապետական միջակ գործ լինելուց:
Մինչ օրս շարունակվում է բազմաթիվ հանրային բակերի, մայթերի, կանաչ տարածքների, այգիների ու պուրակների յուրացումը: Պատասխանատու այլ մարմինների թվում Երեւանի քաղաքային իշխանությունները դրսեւորում են հանցավոր լռություն, երբեմն նաեւ` ուղղակի հանցակցություն այնպիսի աղաղակող ապօրինություններում, որոնք շարունակվում են Օղակաձեւ զբոսայգու տարբեր հատվածներում, Օպերային հարող տարածքում, ճարտարապետական հուշարձան համարվող Փակ շուկայում, Երեւանի կենտրոնի ու ծայրամասերի, տարբեր վարչական շրջանների բազմաթիվ բակերում:
Ամեն գնով քաղաքին իշխելու նկատառումներով պետական մակարդակի հասցված քաղաքականությամբ կամ հովանավորչությամբ թույլատրվում է, որպեսզի մարդիկ իրականացնեն ապօրինի կառուցապատումներ, որից հետո պարզ դրամաշորթության եղանակով, իսկ ավելի հաճախ օրինախախտի կողմից որոշակի քաղաքական-ընտրական ծառայությունների դիմաց դրանք օրինականացվում են: Փաստացի, պետական քաղաքականությունն ինքն է քաղաքացուն դրդում օրինախախտման եւ հանցագործության:
Քաղաքաշինության եւ կառուցապատման ոլորտում «Բարեւ Երեւան» դաշինքի մոտեցումներն են.
- Բոլոր քաղաքաշինական որոշումներն ընդունելիս ղեկավարվել բացառապես Երեւանի գլխավոր հատակագծով եւ շտկել նախկինում թույլ տրված շեղումներն ու սխալ կառուցապատումները, դադարեցնել ապօրինի կառույցների օրինականացման գործընթացը` մինչ այժմ կառուցվածքների խնդրին տալով համալիր եւ արդարացի լուծում:
- Ճարտարապետական փոքր լուծումներ տալ հատկապես Փոքր եւ Մեծ կենտրոններում՝ չթույլատրելով հինգ-վեց հարկից (գումարած մանսարդը) բարձր շինարարություն:
- Ելնելով Երեւանի առանձնահատկություններից` կիրառել լանդշաֆտային ճարտարապետություն:
- Երեւանի գլխավոր ճարտարապետին զերծ պահել բացառապես սեփական ստեղծագործական նախագծերի իրականացումից, պաշտոնի չարաշահումից ու շահերի բախումից, նրան վերապահել հաստատված քաղաքաշինական ու կառուցապատման նախագծերը, քաղաքաշինության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների իրագործման վերահսկողությունը եւ օրենքով թույլատրելի այլ գործառույթների կատարումը:
- Երեւանի տարբեր հանրային գոտիների բարեկարգման ու նախագծման համար ապահովել բաց եւ թափանցիկ մրցույթներ` հրավիրելով եւ խրախուսելով շահագրգիռ ճարտարապետական գրասենյակներին ու անհատ ճարտարապետներին, ինչպեսեւ ապահովել հանրության մասնակցությունն առաջարկների քննարկման ժամանակ:
- Վերջ տալ այն արատավոր աշխատաոճին, երբ Երեւանի քաղաքապետարանը կառավարության հետ միասին հանդես է գալիս կառուցապատող-իրացման գոտու բնակիչ հարաբերություններում` հօգուտ առաջինի պետական լծակներով երկրորդից զավթելով նրա սեփականությունը, խախտելով այլ իրավունքներն ու շահերը: Քաղաքապետարանը նման վեճերի դեպքում կարող է լավագույն դեպքում հանդես գալ իբրեւ փոխընդունելի լուծումներ առաջարկող միջնորդ եւ հաշտարար՝ նախեւառաջ պաշտպանելով օրենքի տառն ու ոգին, ինչպես նաեւ համայնքի շահերը:
- Որդեգրել Երեւանի համաչափ զարգացման եւ սուբուրբանիզացման խթանման քաղաքականություն. սույն ծրագրով նախընտրելի (ծայրամասեր, վթարային շենքերի տարածքներ) եւ օրենքով թույլատրված գոտիներում խրախուսել այն բիզնես-նախագծերը, որոնք ունեն սոցիալական ուղղվածություն եւ լուծում են ինչպես տվյալ տարածքի, այնպես էլ երիտասարդ կամ խիստ բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները:
- Երեւանի շենքերի եւ մայթերի կառուցապատումը հարմարեցնել հաշմանդամների կողմից դրանցից օգտվելու սահմանափակ հնարավորություններին:
- Ներդնել պարտադիր ջերմախնայող կառուցապատման ծրագիր՝ կիրառելով թե՛ օրենքի ուժը, թե՛ խրախուսման մեխանիզմները: Սեփական վառելանյութի պաշարամիջոցներ չունեցող Հայաստանի համար նման կառուցապատումը ռազմավարական նշանակություն ունի, ինչը հնարավորություն կտա նվազեցնել ջեռուցման ծախսերը մինչեւ 30%:
- Մասնագիտացած եւ իրավասու գերատեսչությունների ու ընկերությունների հետ գնահատել մայրաքաղաքի բնակֆոնդը, շենքերի մաշվածության, վթարայնության, սեյսմակայունության աստիճանը, անձնագրավորել բոլոր շենքերն՝ ըստ կարիքների: Իսկ ըստ հրատապության՝ կազմել շենքերի ամրացման, անհրաժեշտության դեպքում՝ հների քանդման եւ նորերի կառուցման նախագծերի ժամանակացույց` բնակիչների ժամանակավոր բնակության վայրի ապահովմամբ: Գտնել բարեխիղճ ներդրողներ եւ գործընկերներ դրանք կյանքի կոչելու համար: Երկարաժամկետ ծրագրում Երեւանի հնացած բնակֆոնդը հետզհետե պետք է փոխարինվի նորով:
- Սկսել մի քանի հանրային կացարանների կառուցումը` ժամանակավորապես անտուն դարձած կամ փողոցում հայտնված մարդկանց ապաստան տալու համար: Միաժամանակ մասնակցել նման կացարանների կառուցման (տրամադրման) ֆինանսավորմանը Հայաստանի այն բնակավայրերում, որտեղից Երեւան են եկել այդ անձինք:
- Կառավարության կամ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների միջոցով օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել հատկապես վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, քաղաքաշինության, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին, Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման առանձնահատկությունների մասին օրենքներում` քաղաքաշինական նորմերի, պետական մարմինների միջեւ լիազորությունների ավելի հստակ բաժանման, առավել խիստ շինարարական նորմեր (ներառյալ շինհրապարակի ծառերի ու կանաչ տարածքի պաշտպանության մասով) սահմանելու, շինարարության կամ կառուցապատման ժամանակ դրանք պահպանելու վերաբերյալ:
- Սահմանել բոլորի համար հավասար ու հստակ նորմեր՝ բազմաբնակարան շենքերի տանիքների սեփականաշնորհման եւ դրանց վրա մանսարդների կառուցման հարցում, մեկ քառակուսի մետրը 20.000-50.000 դրամ հաշվարկով (տարբերությունը՝ ըստ գոտիականության, նախապատվությունը տալով վերջին հարկի բնակարանների սեփականատերերին), որի արդյունքում մի կողմից կիրականացվի շենքերի ամրացում հատուկ տիպային կառուցվածքներ պարունակող մանսարդների միջոցով, մյուս կողմից կհամալրվի քաղաքային բյուջեն 4 տարվա կտրվածքով՝ առնվազն 30 մլրդ դրամի (ավելի քան 70 մլն դոլարի) չափով եւ ոչ թե կաշառքներով տրված թույլատվությունների միջոցով՝ քաղաքապետարանի պաշտոնյաների գրպանները կամ անհասկանալի նպատակներին ծառայող հատուկ արտաբյուջետային ոչ թափանցիկ գործող հիմնադրամները: