Բաքվում տեղի ունեցած՝ Ասիական քաղաքական կուսակցությունների համաժողովին մեր երկիրը ներկայացնում էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին արտգործնախարար, Հայաստանի Հանրապետության նախագահի թեկանածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա իր ելույթներով առաջին անգամ, որպես Հայաստանի պետական-քաղաքական գործիչ, Բաքվում հրապարակեց հայ ժողովրդի հավաքական համոզմունքը, որ Արցախը անկախ Հանրապետություն է եւ եթե խոսվում է օկուպացիայի մասին, ապա հայկական հողերի մեծ մասը գտնվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ուժերի օկուպացիայի ներքո եւ ներկայիս հակամարտության պատճառն Ադրբեջանի ագրեսիան է ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության: Նա նաեւ նշել է, որ տարածաշրջանում բոլոր փախստականներն հնարավորություն պետք է ունենան վերադառնալու իրենց բնակավայրերը: Այդ վերադարձը, ըստ էության, առաջին հերթին վերաբերում է Բաքվին ու Սումգայիթին, Թուրքիային, որի հարգման արդյունքում՝ ամբողջական անկախ Արցախին:
Անկախ Հայաստանի դիվանագիտությունը վաղուց պետք է հայ ժողովրդի հավաքական կարծիքն առաջ մղեր՝ օգտագործելով հրապարակային ամբիոնները եւ, հատկապես, այն պետք է արվեր թուրքական բռնակալության կենտրոններում` Բաքվում, Ստամբուլում եւ Անկարայում:
Երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնում էր Հայաստան-Թուրքիա դիվանագիտությունը՝ ստորագրելով խայտառակ արձանագրություններն ու «Մադրիդյան սկզբունքներ» կոչված հռչակագիրը, թուրքական իրականությանը ծանոթ մարդիկ հեռու էին ոգեւորությունից, քանի որ քաջ գիտակցում էին, թե ինչ բան է իսլամիզմը և քեմալականությունը, որի պայմաններում հնարավոր չէ տնտեսական կամ քաղաքական ակտիվություն ցուցաբերել:
Մեզանից որեւէ մեկը չպետք է անտեսի կամ չիմանալու տա այն փաստը, որ ժամանակակից Թուրքիան հիմնադրվել է 1915 թվականի ոճրագործության վրա, եւ այնտեղ չափազանց հոգատար են Թալեաթի հիշատակի նկատմամբ:
Քանի դեռ Թուրքիայում ու Ադրբեջանում բռնատիրական վարչակարգեր են, եւ մեզ առայժմ չի հաջողվել վերականգնել Արեւմտյան Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը մեզ համար թշնամի պետություններ են, որոնց հետ, այսպես կոչված, նախաձեռնողական դիվանագիտությունը ոչ միայն անարդյունավետ էր եւ է, այլեւ՝ վտանգավոր:
Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում, ըստ էության, հայտարարեց, որ մենք՝ որպես փոքր երկիր, հաղթել ենք մեզ պարտադրված պատերազմը. մեր փոքր երկիրը՝ իր ձեւավորած ռազմական ուժով, այս աշխարհագրական տարածքում ապագայում խոշոր նշանակություն կունենա, եւ նրան որեւէ այլ երկրի աջակից լինելը հենց վերջինիս շահերից է բխելու: