Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը հետընտրական Հայաստանի վերաբերյալ

Հայաստանի հանրապետությունը եւ նրա քաղաքացիները համակարգային լուրջ տագնապի մեջ են: Մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները համապետական վիհ առաջացրին, որն ավելի խորն ու վտանգաշատ է, քան երբեւէ:

Գործող վարչակարգն աննախադեպ կերպով մեղսակցության պաշտամունք պարտադրեց հայ հանրության հոծ զանգվածներին եւ, չնայած իր իսկ հնչեցրած ժողովրդավարական հռետորաբանությանը, ընտրություններում բացարձակ քամահրական պահվածք դրսեւորեց քաղաքացիական ազատությունների, սահմանադրական իրավունքի եւ ազգային կամարտահայտության անկապտելի սկզբունքի նկատմամբ:

Եվս մեկ անգամ հայ ժողովրդին բաժին հասավ դե ֆակտո խորհրդարան, եւ եթե մենք միասին ու անհապաղ չգործենք` նրան վերադարձնելու իշխանությունը եւ օրենքի պաշտպանությունը, ինչպես որ հարկն է, Հանրապետությունը դատապարտված է դիմավորելու նաեւ հաջորդ դե ֆակտո նախագահին` ի թիվս նրանց երկար շարքի:

Մենք արժանի ենք եւ կունենանք ավելին: Մենք արժանի ենք եւ պետք է հասնենք դե յուրե ղեկավարության` թե´ խորհրդարանում, թե´ նախագահական նստավայրում:

«Ժառանգություն» կուսակցությունը` շարունակելով իր համեստ հասարակական ծառայության վաղեմի ավանդույթը, սպասարկելու է քաղաքացու-ազգի շահերը` թե ներկայիս դե ֆակտո ամոթի եւ թե մոտ ապագայի դե յուրե արժանապատվության պայմաններում: Մենք այսպես կգործենք առկա բոլոր ասպարեզներում, հնարավոր բոլոր եղանակներով եւ ի հեճուկս հավանական ամեն տեսակ խոչընդոտների: 

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մեր համաքաղաքացիներին, ովքեր իրենց քվեն տվեցին «Ժառանգությանը»` այսպես թե այնպես մաս կազմելով պաշտոնապես մեր օգտին գրանցված սակավ ձայներին, քանզի նրանք ծնունդ են ազատ կամքի, մաքուր խղճի եւ մեր Հայրենիքի ու նրա կոչման հանդեպ խիզախ պատկանելության: 

Մեր քաղաքացիական ռահակիցների ու հանրային գործընկերների հետ համալիր քննարկումների ավարտին «Ժառանգությունը» կներկայացնի «Պետության վիճակի մասին» իր հանգամանալից գնահատականը եւ կկիսի ժամանակավորապես խաթարված, բայցեւ տեւապես սուր ու անխախտ իր տեսլականը Նոր Հայաստանի, որը վստահաբար գալու է: 

Այս նպատակով «Ժառանգությունը» հունիսի 2-ին կհրավիրի իր համագումարը: 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
15 մայիսի 2012թ.
Երեւան