Հոդվածների ցուցակագիր

Կանաչ Երեւան՝ քարակերտ անապատի փոխարեն

Հանրային զբոսայգիներն ու կանաչ տարածքները կազմում են քաղաքաշինական նորմերով սահմանված չափի ընդամենը 20 տոկոսը, եւ այդ ցուցանիշը շարունակում է նվազել: Դրա հետեւանքով չի արտադրվում մարդու թոքերի համար անհրաժեշտ եւ բավարար թթվածնի քանակությունը. նորմատիվ համարվող 21 քառ. մետրի փոխարեն մեկ շնչին այժմ բաժին է ընկնում 7 քառ. մետրից էլ պակաս կանաչ տարածք, ինչը բազում երեւանցիների շրջանում սրել կամ հարուցել է սուր շնչառական բնույթի հիվանդություններ:

Չոր մայրցամաքային կլիմա ունեցող Երեւանը գտնվում է օշինդրային կիսաանապատի գոտում, որին առավել քան անհրաժեշտ է խոշոր, զանգվածային կանաչ տարածքներ ու ջրային մակերես՝ քամիներից պաշտպանվելու, օդը խոնավացնելու, փոշուց եւ թունավոր նյութերից մաքրելու համար: Քաղաքի կառուցապատման, կանաչ տարածքների ոչնչացման ներկայիս քաղաքականությունը սպառնում է անգամ փոխել բնակլիմայական գոտին` այն կիսաանապատայինից վերածելով անապատայինի:

Անցած 20 տարիների ընթացքում Երեւանը՝ որպես մայրաքաղաք, կորցրել է իր քաղաքային մշակույթի եւ ինքնության կարեւոր տարրերից մեկը, քանի որ հանրային շահը ստորադասվել է մասնավոր տնտեսվարողների բիզնես-շահերին, իսկ հանրային կանաչ տարածքները համատարած կերպով օտարվել ու անխնա ոչնչացվել են` խեղաթյուրելով դրանց նպատակային նշանակությունը թե իբրեւ առողջության աղբյուր, թե որպես սոցիալական շփումների ու քաղաքային մշակույթի դրսեւորման միջավայր:

Մայրաքաղաքի կանաչ եւ հանրային գոտիների օտարման հաշվին համայնքային բյուջեի համալրման գործելակերպն այլեւս չի կարող շարունակվել: Դա վտանգի տակ է դնում Երեւանի կայուն զարգացումը: Քաղաքի գլխավոր հատակագծի շեղումներն ու կանաչ տարածքների ապօրինի կառուցապատումները հասնում են ահռելի չափերի, եւ վճռական քայլեր են պահանջվում դրանք գլխավոր հատակագծի պահանջներին համապատասխանեցնելու համար:

Վերոթվարկյալ միտումները կանխելու, ռիսկերը կառավարելու վճռականությամբ` «Բարեւ Երեւան» դաշինքը կառաջնորդվի լայնարձակ զբոսայգիներ ու մեծածավալ ծառապատ վերականգնողական եւ հանգստի գոտիներ ստեղծելու ուղեգծով, ինչպես նաեւ Ալեքսանդր Թամանյանի «Քաղաք-այգի» հայեցակարգ-տեսլականով: Այս ոլորտում իրականացվող քաղաքականության առաջնահերթություններն են.

  • Մայրաքաղաքի կանաչ տարածքի ընդլայնումը՝ մինչեւ յուրաքանչյուր շնչի հաշվով 20 քառ. մետր, ներկայիս 6 քառ. մետրի փոխարեն: Կենտրոնում եւ յուրաքանչյուր վարչական շրջանում առնվազն 100 հա ընդհանուր մակերեսով 8-10 նոր այգիների՝ հանրային հարմարավետ տարածքների հիմնումը:
  • Երեւանի շրջագծում գտնվող եւ համայնքին պատկանող կանաչ գոտիների օտարման արգելումը, դրանք սեփականության կամ վարձակալության իրավունքով տրամադրելու աճուրդների բացառումը: Այդ տարածքների պատկառելի մասը պետք են արգելոցային գոտիներ հայտարարվի:
  • Երեւանի 2013թ. բյուջեում կանաչ տարածքների պահպանությանը հատկացվող գումարի կրկնապատկումը: Այն ծախսելու փիլիսոփայություն պետք է ծառայի ոչ թե քաղաքի կարճաժամկետ գեղեցկացմանը, այլ երկարատեւ էկոլոգիական վերականգնմանը, ծառաշատ գոտիների՝ պուրակների, սիզամարգերի, անտառակների ավելացմանն ու տեւական խնամքին:
  • Բոլոր հանրային այգիների ու պուրակների բարեկարգումը համայնքային միջոցներով, դրանց տարածքում բետոնապատ կամ ապակեպատ կառույցների, այդ թվում` սրճարանների, տարատեսակ զվարճավայրերի տեղադրման բացառումը: Պետք է օգտագործման հատուկ կանոններ սահմանվեն մասնավոր ներդրողներին սեփականաշնորհվող կամ վարձակալության տրվող, բայց հանրության կողմից օգտագործվող կանաչ գոտիների համար:
  • Հանրային գոտիներում ցանկացած մեծածավալ կամ փոքրածավալ քաղաքաշինական որոշումից ու հողահատկացումից առաջ քաղաքապետարանի կողմից տվյալ տարածքի բնակչությանն ակտիվ իրազեկումը եւ տվյալ նախագծի շուրջ, օրենսդրության պահանջների խստագույնս պահպանմամբ, հանրային լսումների կազմակերպումը:
  • Հանրային զբոսայգիներում մասնավոր ընկերությունների հետ բարեկարգման եւ շահագործման պայմանագրերի կնքումը միայն այն դեպքում, եթե մասնավորը հանրության հետ համաձայնեցնի առաջարկվող նախագիծը եւ պարտավորվի զբոսայգին շահագործել քաղաքապետարանի հետ պայմանագրով ամրագրված կանոնների եւ այգու նպատակային նշանակության խստագույնս պահպանմամբ:
  • Ծաղկապատման գործողություններից անցումը առավելաբար ծառաշատ այգիների եւ պուրակների ստեղծմանն ու խնամքին: Հանրային բոլոր այգիների ու պուրակների անձնագրավորումը` դրանց մուտքերի մոտ համապատասխան հատակագծերի փակցմամբ:
  • «Կանաչապատում ՓԲԸ»-ի կողմից իրականացվող առանձին ծախսերի եւ, մասնավորապես, Երեւանի բյուջեից կատարվող ծախսերի մասին մանրամասն տեղեկատվության եւ հաշվետվության պարբերաբար տրամադրումը Ավագանու էկոլոգիական հանձնաժողովին, ինչը պետք է թափանցիկ ու հասանելի լինի շահագրգիռ բոլոր քաղաքացիների եւ կազմակերպությունների համար:
  • Կենտրոնական եւ ծայրամասային զբոսայգիների աստիճանական ազատումը մասնավոր տնտեսվարողների կողմից օրենքի խախտումներով կառուցած բետոնե շինություններից, ավարտվող պայմանագրերի չերկարաձգումը եւ այն պայմանագրերի խզումը, որոնք կնքվել են օրենքի խախտմամբ:
  • Նախկինում` 1990-2000-ականներին գլխավոր հատակագծի խախտումներով կամ ապօրինաբար օտարված մեծաքանակ կանաչ տարածքները հանրությանը վերադարձնելու հնարավորության վերանայումը: Կուսումնասիրվի հանրային կանաչ տարածքների օտարման վերաբերյալ նախկինում ընդունված որոշումների օրինականությունը եւ ապօրինության փաստերի առկայության դեպքում քայլեր կձեռնարկվեն այդ որոշումների իրավական կարգավիճակը հստակեցնելու եւ համապատասխան շտկումներ կատարելու համար:
  • Բազմահարկ բնակելի շենքերի բակերում կառուցված ավտոտնակների կենտրոնացումը ստորգետնյա կամ բարձրահարկ համալիր-կայանատեղիներում՝ ազատված տարածքների հաշվին մեծացնելով բակային այգիներն ու պուրակները:
  • Բազմահարկ բնակելի շենքերի բակերում կառուցված առանձնատների ապամոնտաժումը՝ բնակմակերեսի տարբերությունը փոխհատուցելու պայմանով: Ազատված տարածքների հաշվին բակային այգիների, պուրակների, մանկական խաղահրապարակների մեծացումը: Գիտակցելով սեփականության իրավունքի կարեւորությունը եւ այն հանգամանքը, որ շատ դեպքերում կառուցապատողները կամ մասնավոր հատվածը քաղաքային ու կենտրոնական իշխանությունների պարտադրած խաղի կանոնների արդյունքում են ձեռք բերել սեփականության կամ վարձակալության իրավունքը, յուրաքանչյուր դեպքի համար գտնել անհատական եւ փոխշահավետ լուծում:
  • Ցանկացած կառուցապատման դադարեցումը եւ «Հայանտառ»-ի հետ համագործակցությամբ հետեւյալ տարածքների վերականգնումը. Նորքի անտառից մնացած հատվածը, «Հաղթանակ» զբոսայգու անտառից մնացած հատվածը, Ավանի հին եւ նոր թաղամասերի միջեւ գտնվող անտառածածկ գոտին, Դալմայի այգիները, մյուս կանաչապատ տարածքները` դրանց համար մշակելով վերականգնողական եւ պահպանության հատուկ ծրագրեր:
  • Հրաժարվել այն արատավոր քաղաքականությունից եւ գործելակերպից, ըստ որի հանրային պուրակների որոշակի տոկոսի կառուցապատման թույլտվությունից հետո նույն չափով կառուցապատվում է նաեւ մնացած մասը: Դրա հետեւանքով արդեն իսկ ոչնչացվել են մեծածավալ հանրային այգիներ եւ պուրակներ:
  • Կենտրոնի եւ մյուս վարչական շրջանների միջեւ մնացած մեծ անտառածածկ հատվածների սահմանազատումը: Դրանք պետք է հայտարարվեն անձեռնմխելի հանրային կանաչ գոտիներ: Երեւանի վարչական շրջանների կանաչ գոտիներն ու այգիները միացնող ճանապարհների հիմնումը` հետիոտնի եւ հեծանվային անխափան երթեւեկի համար:
  • Մայրաքաղաքի չխնամվող պուրակների, այդ թվում` Երեւանի հատակագծով Մաշտոցի պուրակին համադիր եւ գլխավոր պողոտայի մյուս կողմից շարունակվող պուրակի բարեկարգումը` իր ամբողջական սահմաններում, Վիշապի պուրակը Նոր Նորք վարչական շրջանում, ինչպես նաեւ հանրային զբոսայգիների անխնամ հատվածները: Հատուկ ուշադրություն կդարձվի Կոմիտասի անվան այգուն, Ազգային պանթեոնին՝ այգու ողջ մակերեսի ծավալա-տարածական լուծումները ենթարկելով նրա հոգեւոր խորհրդին ու բովանդակությանը եւ ապամոնտաժելով բոլոր անհամապատասխան կառույցները: